Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը խոսեց օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում տեղի ունեցած դեպքի մասին:
«Հարգելի գործընկերներ, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձը ուղեկցվել է թաղման արարողության՝ իհարկե նախապես զգուշացվելով, որ պետք է հեռավորություն և որոշ կանոններ պահպանել: Ոստիկանի և մասնագետի ուղեկցությամբ է նա գնացել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը: Բայց հասկանալի է, որ շատ հուզումնալից պահ է եղել, և նրանք ի հեճուկս խնդրանքների, հորդորների՝ չեն պահել պայմանները և հարազատների հետ, ինչպես սովորական ընթացակարգով, գրկախառնվել են և այլն: Եվ երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել՝ այսինքն՝ հաստատվել է կորոնավիրուսի վարակի դեպք: Եվ սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել: Այսինքն՝ այստեղ հասկանալի է, որ բոլոր դեպքերում պարետատունը ճիշտ որոշում է կայացրել, որպեսզի քաղաքացուն տուն ուղեկցի՝ հարազատի հուղարկավորությանը, հոգեհանգստին, բայց տվյալ դեպքում պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչը հսկողության տակ պահել: Եվ քաղաքացիներն իրենք պետք է հասկանան, որ այս իրավիճակը չափազանց լուրջ է»,- ասաց վարչապետը:
Օլյա Շահինյան