ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիաներին, ինչպես նաև նախօրեին՝ դեկտեմբերի 3-ին, նրանց ու ոստիկանների միջև ԿԳՄՍ նախարարության դիմաց գրանցված առճակատմանը։
Հիշեցնենք, որ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները փորձել էին ներխուժել գերատեսչության տարածք և ինքնուրույնաբար հանդիպում կազմակերպել ԿԳՄՍ նախարարի հետ, ինչը կասեցվել էր իրավապահների կողմից, որոշ ակտիվիստների էլ բերման էին ենթարկել։
ԱԺ փոխխոսնակի համոզմամբ, ոստիկանության գործողությունները իրավաչափ են, իսկ ցուցարարների քայլերը, ըստ Ալեն Սիմոնյանի, տրամաբանական չեն և ուղղորդված են տարբեր ուժերի կողմից։ «Ճանապարհը փակելը ճիշտ չէ։ Նախկին իշխանավորներն էլ գալիս են, այդ երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ իշխանությանը ինչ-որ բանի մեջ մեղադրելով»,- նշել է Ալեն Սիմոնյանը և ընդգծել, որ այս ակցիայով ՀՅԴ-ն փորձում է քաղաքականապես վերակենդանանալ։
ԱԺ փոխնախագահը համոզված է, սակայն, որ դաշնակցականները վատնելու են իրենց վստահությունը՝ շինծու օրակարգերով և նման գործելաոճով։