Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով

    320
    0

    Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից, նոյեմբերի 11-ին կարող ենք ականատես լինել հազվագյուտ երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։
    «Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառակի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին: Նոյեմբերի 11-ին անցումը կլինի Գրինվիչի ժամանակով 12։35-ից մինչև 18։04-ը և կտևի ընդհանուր առմամբ 5 ժամ 29 րոպե։ Նախորդ անցման (2016 թ.) տևողությունը եղել է մոտավորապես 7,5 ժամ: Այս անցմանը կարելի է հետևել սիրողական աստղադիտակներով և արեգակնային լուսազտիչներով (ֆիլտրերով)։
    Ներքին մոլորակների՝ Մերկուրիի և Վեներայի անցումները սովորաբար տեսանելի են բոլոր տեղանքներից՝ բացառությամբ նրանց, որտեղ տվյալ պահին Արեգակը մայր է մտել, սակայն դիտման անկյունից ելնելով՝ անցման սկիզբն ու ավարտը կարող են մի քանի րոպեով տարբեր լինել: Նոյեմբերի 11-ին լավագույն տեսանելիության պայմաններ կլինեն Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։
    Հայաստանում մասնակի անցումը կդիտվի օրվա վերջին՝ արևամուտի ժամանակ։
    ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ՀՀ քաղաքացիների և բոլոր ցանկացողների համար նոյեմբերի 11-ին կկազմակերպի դիտում:
    Նշենք, որ հաջորդ նման անցումները տեղի կունենան 2032 և 2039 թվականներին։

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here