տուն Լուրեր Մեկնարկել է ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքի ակցիան և երթը

Մեկնարկել է ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքի ակցիան և երթը

240
0

url

Այս պահին Ազատության հրապարակում հավաքված են մի խումբ ակտիվիստներ, իրավապաշտպաններ, որոնք նախատեսում են անցկացնել երթˋ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կավանավորվածների: Ակտիվիստների ձեռքերին կան պաստառներ, որոնցից մեկը ոստիկանությունը վերցրել է: Այդ պաստառի վրա գրված է եղել «Բոզավարի ապրողները»՝ Սերժ Սարգսանի, Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապեետյանի և Վլադիմիր Գասպարյանի նկարներով: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ակտիվիստները բարոյական իրավունք չունեն նման պաստառներով ակցիա անցկացնել, իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով ևս ակցիայի մասնակիցների շարքում է, պահանջում է վերադարձնել պաստառը: Իրավապաշտպանը նշել է, որ նման գործողությունները սադրանք է ոստիկանության կողմից, և որ եթե որևէ մեկը վիրավորվել է այդ պաստառից՝ կարող է դիմել դատական ատյաններին: Ազատության հրապարակում հավաքվածները համարում են Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին քաղաքական բանտարկյալներ։

«Ելնելով վերը շարադրյալից՝ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք, որ անկախ Շանթ Հարությունյանի և մյուս ձերբակալվածների քաղաքական հայացքների և քաղաքացիական մոտեցումների հետ մեր առանձին անհամաձայնություններից՝ նրանց նկատմամբ կիրառված բռնությունները և հետապնդումներն ուղղված են յուրաքանչյուրիս դեմ։

Պետք է նկատի ունենալ, որ Շանթ Հարությունյանի և ակցիայի մասնակիցների հիմնական նպատակն էր ընդվզել Հայաստանում մարդու արժանապատվությունը նվաստացնող համակարգի դեմ, կասեցնելու Հայաստանի Հանրապետության բռնակցումը Մաքսային Միությանը, որը լուրջ մարտահրավեր է ՀՀ Սահմանադրությանը և մարդու իրավունքներին։

Նախաձեռնելով մեր խաղաղ երթը Ազատության հրապարակից նոյեմբերի 9-ին, ժամը 12։00-ին՝ նպատակ ունենք ՀՀ գործող իշխանություններին ներկայացնելու մեր հետևյալ պահանջները

1Անհապաղ ազատ արձակել Շանթին և մյուս ձերբակալվածներին

2 Քրեական հետապնդում սկսել Շանթ Հարությունյանի և ձերբակալվածների նկատմանբ բռնություն գործադրած ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ։

3 Քննություն իրականացնել ոստիկանության մեծաթիվ ստորաբաժանումների ներգրավվման հիմնավորվածության վերաբերյալ

 

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կանխարգելելու մարդու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և մոտեցումներից»,- ասված է հայտարարության մեջ։

Երթուղին է՝ Ազատության հրապարակ, Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովայի փողոց- Նալբանդյան փողոց-ՀՀ Ոստիկանության շենք։ Երթը Աբովյան փողոցով կշարունակվի դեպի ՀՀ դատախազություն։

Ի դեպ, Ազատության հրապարակում հարցում է ընթանում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը Մաքսային միությանը միանալու վերաբերյալ։ Արդյունքները կհրապարկվեն ժամը 16-ին Նախագահականի մոտ։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here