Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիռնովը նշել էր, որ հայաստանյան ակտիվ երիտասարդությունն ու հասարակական կազմակերպությունները առավելապես կողմ են եվրաինտեգրմանը, և իրենք աշխատանք ունեն տանելու այս ուղղությամբ` որպես թիրախային խմբեր ունենալով երիտասարդներին, լրագրողներին և քաղաքական էլիտան: Ինչ խոսք, ռուս չինովնիկը պարզորոշ նկատել է, որ նշված խմբերը առանձնապես «խանդավառված» չեն Մաքսային միություն մտնելու գաղափարից: Սակայն Սմիռնովի ձևակերպմամբ ստացվում է այնպես, որ Մաքսային միություն մտնելու դեմ հայաստանյան հասարակության թեկուզ և մի հատվածի տրամադրվածությունը պայմանավորված է եվրասիական ինտեգրման և Մաքսային միության մասին ինֆորմացիայի պակասով, ինչը և պետք է լրացվի այդ ուղղությամբ տարվող աշխատանքներով: Մյուս կողմից չի բացառվում, որ ռուս չինովնիկի այս հայտարարությունը որոշակի ուղերձ է հայաստանյան իշխանություններին առ այն, որ Ռուսաստանում շատ լավ են պատկերացնում հայաստանյան իրավիճակը և տեղյակ են հայաստանյան հասարակության ակտիվ հատվածի հակառուսական և «հակաեվրասիական» տրամադրություններին: Հարկ է նշել, որ Մաքսային միություն մտնելուն դեմ քաղաքացիական ակտիվի դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե վերջինիս մասին թերի տեղեկացվածությամբ, այլ ընդհակառակը` Ռուսաստանի կայսերապետական քաղաքականության հստակ գիտակցմամբ, ուստի այս առումով դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի չինովնիկը, երբ հայտարարում է թիրախային խմբերի հետ աշխատելու մասին։ Կամ կարող ենք ենթադրել, որ առաջիկայում մենք ականատես ենք լինելու նոր «պրոռուսական» ու «պրոեվրասիական քաղաքացիական ակտիվիստների» ի հայտ գալուն: Նման զարգացման պարագայում միանշանակ կարող ենք ասել, որ այս տեսանկյունից էլ Ռուսաստանը շարունակում է խորհրդային «վերբովկայի» լավագույն ավանդույթները` հայաստանյան հանրության մեջ իր հինգերորդ շարասյունն ունենալու համար:
Աղասի Մարգարյան