Խաղաղ օվկիանոսում այս օրերին անսովոր մի երևույթ է դիտվում. Ճապոնիայի ափերի մոտ տառացիորեն ջրի տակից նոր կղզի է հայտնվել։
Ճապոնիայի նոր տարածքը ընդամենը 200 քառ. մ է։ Կղզին հայտնվել է ստորջրյա հրաբխի ժայթքման ժամանակ, ընդ որում, ժայթքումը շարունակվում է նաև հիմա. օդ են նետվում մոխրի և թանձր գոլորշու սյուներ, լսվում են պայթյուններ։
Գիտնականների ասելով՝ դեռ վաղ է կղզուն անուն տալը, քանի որ նման հրաբխային կղզիները հաճախ ջրասույզ են լինում նույնքան անսպասելիորեն, ինչպես որ ծնվում են։
Իսկ ահա երկրի կառավարությունը արդեն արձագանքել է՝ հայտարարելով, որ եթե կղզին ձևավորվի, Ճապոնիան կհավակնի իր տարածքային ջրերը ընդլայնելուն։