Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն այս օրերին «թոփ» թեմաներից են: ԱԺ-ի որոշմամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու եւս երեք դատավորի` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի լիազորություններն արդեն դադարել են: Այսօր պարզ դարձավ, որ Հրայր Թովմասյանը երեկվանից արձակուրդում է:
Հետաքրքիր է այն, որ երեկվանից արձակուրդում է նաև ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը, որին, սակայն, սահմանադրական փոփոխությունները չեն վերաբերում: Քանի որ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, փորձենք հասկանալ այս փոքր-ինչ տարօրինակ զուգադիպության պատճառը:
Երբ վերհիշում ենք Արևիկ Պետրոսյանի կենսագրությունը, համադրում ենք այն իրողության հետ, որ ԲՀԿ-ը ՍԴ դիմում է ուղարկել եւ վիճարկում է ԱԺ-ի այս որոշումը, կարծես պատկերը որոշակի է դառնում: Բանն այն է, որ Արևիկ Պետրոսյանը մինչ ՍԴ դատավոր դառնալը եղել է քաղաքական դաշտում: 2007-2012 թթ-ը եղել է ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ, Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Սակայն 2010 թ-ին ԲՀԿ-ը նրան հետ է կանչել ԱԺ փոխնախագահի պաշտոնից` պատճառաբանելով նրա պասիվությունը: Ի պատասխան Արևիկ Պետրոսյանն էլ ԱԺ փոխնախագահի կարգավիճակում` իր վերջին ելույթում ներկայացրել էր իր գործունեությունը, ասել` խորհրդարանը կուսակցական հարցեր լուծելու համար չէ:
Հետաքրքիր է`Արևիկ Պետրոսյանի ելույթը դրական էին համարել ՀՀԿ եւ ՀՅԴ անդամները: ՀՅԴ-ի այդ գնահատականը ոմանք բացատրել էին նրանով, որ տիկին Պետրոսյանը 2003-ին եղել է ՀՅԴ ցուցակում: Ավելին`համացանցում գտանք 2007 թ-ի թերթերից մեկի տեղեկությունն Արևիկ Պետրոսյանի մասին: «Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները «խիստ վիրավորված են, որ իրենց անմիջական աջակցությամբ Ազգային ժողովի փոխխոսնակ դարձած Արեւիկ Պետրոսյանը դուրս չի գալիս դաշնակցական ֆրակցիայի սենյակից». — «Նրանք ասում են, որ Պետրոսյանի քվեարկության ժամանակ ե՛ւ քվեարկել են, ե՛ւ լցոնումներ են արել, սակայն, այդ կինը չգնահատելով իրենց արածը, վերադարձել է այն կուսակցության գիրկը, որտեղ եղել է 2003 թվականին»։ Թերթը հիշեցրել է, որ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Պետրոսյանը ՀՅԴ-ի համամասնական ցուցակում էր:
Չվիճարկելով դատավորի` արձակուրդ գնալու իրավունքը, ամեն դեպքում, վերոգրյալ փաստերը համադրելով ենթադրում ենք`
- Արևիկ Պետրոսյանն արձակուրդում է, քանի որ չի ցանկանում մասնակցել նախկին գործընկեր խմբակցության դիմումի քննությանը:
- Փորձում է չեզոք դիրքում մնալ, չի ցանկանում այդ կերպ իշխանության ուշադրությունը սեւեռել իրեն:
- Արձակուրդում է, որպեսզի նախկին իշխանության ակտիվ դերակատարների հետ կուլիսներում ելքեր փնտրեն ՍԴ-ի «պոստը» ամեն գնով պահելու համար: Ի վերջո, Արևիկ Պետրոսյանը ՍԴ դատավոր է նշանակվել հենց ՀՀԿ-ի օրոք:
- Ցանկանում է ուղղակի շարունակել իր գործունեությունը սահմանադրական այս փոփոխություններից հետո, շարունակել իր մասնագիտական ճանապարհն այս իշխանության հետ` մինչեւ 12 տարին լրանալը` 2022 թ-ի դեկտեմբերի 8-ը:
Հ.Գ. Պատրաստ ենք լսելու նաև ՍԴ դատավորի պարզաբանումն այս վարկածների եւ նրա արձակուրդ գնալու իրական պատճառի մասին:
Սոնա Դավթյան