Այսօր մեկնարկել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածննդի համագումարը, որը սկսվել է հայտնի շեփորի կանչով՝ ինչպես 1988թ.-ի Ղարաբաղյան շարժման հանրահավաքների ժամանակ։ Երկրորդ հիմնադիր համագումարին, չնայած հրավիրվել էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, բայց ներկա են եղել միայն «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբիկ Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը և այլոք։
Համագումարը սկսվել է հյուրերի ելույթներով։ Առաջինը խոսել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Ժողովրդական խոսքի համաձայն, արդարությունը ունենում է երկու թամբ, արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարը՝ ուզած ուղղությամբ: Ես համոզված եմ, որ այն գործընթացը, որը դուք նորից սկսել եք ոչ միայն քաղաքական է, այլև՝ արդար, բարոյական և շիտակ»,–իր ելույթում նշել է Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀՇ–ի այս որոշումը նորի սկիզբ է, նաև՝ վերադարձ դեպի երրորդ հանրապետության ստեղծման ակունքները:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր խոսքն ուղղելով ՀՀՇ- ստեղծման նախաձեռնող խմբին՝ Արարատ Զուրաբյանին, Հովհաննես Իգիթյանին, Կարապետ Ռուբինյանին և Ալեքսանդր Արզումանյանին՝ նշել է, որ նրանց հետ ինքը քաղաքական որոշակի ճանապարհ է անցել, համագործակցել նրանց հետ, բարիկադների նույն կողմում եղել:
«Չնայած ՀՀՇ կուսակցությունն իր իշխանության տարիներին հակասական արդյունքեր ցույց տվեց, բայց սեղանի շուրջ նստած անձնավորությունները ՀՀՇ իշխանությունից հետո ղեկավարեցին այն, և սխալները, որոնք կային՝ ուրիշների սխալները, ովքեր կերակրատաշտից օգտվեցին, չդարձան պատճառ, որ այս մարդիկ սկզբունքային չմնան»,– նշել է նա:
«Նրանք ուրիշների սխալներն իրենց վրա վերցնելով՝ շարունակեցին կենսագործունեությունը: 2008-ից հետո զիգզագներ եղան, և մեր գործընկերները ստիպված են վերաբացելու կուսակցությունը: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, քաղաքական նոր ընթացք՝ հին ընթացքը շարունակելու մեջ: Այն սկզբունքայնությունը, որը ունեցել եք՝ կշարունակվի»,- ասել է նա:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը հայտարարել է, թե հույս ունի, որ ՀՀՇ-ն կվերադառնա իր նախկին՝ որոշում կայացնելու սկզբունքին և երկում ի վերջո կհաստավի սահմանադրական կարգը։
«Հիմնական ներդրումն է ունեցել երրորդ հանրապետության կայացման համար՝ հատկապես ճգնաժամից դուրս գալու, և ակնհայտ է, որ երբ ՀՀՇ-ն ունեցել էր կոլեգիալ ղեկավար մարմին, և չէր կարող մի որոշում ընդունել առանց այդ մարմնի»,- ասել է նա:
Իր ելույթում կուսակցության հիմնադիր անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ համագումարին պետք է մասնակցեին նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և ՀՅԴ-ն, սակայն նրանք բացակայում են քաղաքից:
Համագումարին գրանցվել է 200 պատվիրակ:
Էմմա Պալյան