Քաղաքային տրանսպորտի վիճակը վատ է և ավելի է վատանալու. այսպիսի կարծիք է հայտնել փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
«Երևանի քաղաքապետն իր ելույթում ասել է, որ 400 միկրոավտոբուս դուրս է գալու շահագործումից: Տրանսպորտի նոր ցանցի ծրագիրը կա, բայց այն կյանքի կոչող է պետք: Մեր քաղաքապետն ամեն ելույթի ժամանակ ասում է, որ երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվի: Մեկնարկի թիվը ո՞րն է: Երկու տարին ե՞րբ է լրանալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հրանտ Եղիազարյանը:
Նա հայտնել է, որ այսօրվա պատրաստի երթուղային ցանցը շատ նորմալ է, բայց թե ինչո՞ւ կյանքի չի կոչվում, չի կարող ասել: Միության ղեկավարն ասածը փաստել է այն հանգամանքով, որ այն ավտոբուսները, որոնք պետք է ներկրվեն, շատ թանկ են, ուստի և թանկարժեք ապրանքով ծառայություն մատուցելը թանկ արժե:
Հիմա թե որքան կլինի իրականում տրանսպորտի արժեքը՝ այսօր չասենք: Բայց հաստատ 100 դրամ չի լինելու: Մենք ասում ենք, որ բարձր գինը ոչ թե ուղևորը թող վճարի, այլ պետությունը թող դոտացիա տա»,- հավելել է նա:
Փոխադրողների միության նախագահի փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին քաղաքապետարանը խորհրդակցություն էր հրավիրել և առաջարկել մինչև սեպտեմբերի 10-ն առաջարկություններ ներկայացնել՝ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ ներկրելու հետ կապված: