ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասի բարոյական և էթիկական նկարագիրը վաղուց արդեն գաղտնիք չէ հանրության համար: Սակայն, անգամ այս պարագայում, մի շարք երեսփոխաններ իրենց վարքուբարքով անցնում են գռեհկաբանության բոլոր սահմանները: ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցից հետո հայաստանյան լրատվական դաշտում և սոցցանցերում հնչեցին ամենաբազմապիսի կարծիքներ` սկսած հիացմունքից, վերջացրած տարբեր մեղադրանքներով, ուստի այժմ նպատակահարմար չէ անդրադառնալ Փոստանջյանի հարցի թեր և դեմ կողմերին: Սակայն ԱԺ մի շարք պատգամավորներ, որոնք կարծես թե ի վիճակի էլ չեն որոշակի կարծիք հայտնել, քանի որ լուրջ խնդիրներ ունեն հայոց լեզվի և հոդաբաշխ մտքեր արտահայտելու հետ, հրապարակայնորեն ուղղակի հայհոյական արտահայտություններով ձևակերպեցին իրենց կարծիքը, եթե իհարկե համարենք, որ նրանք ընդհանրապես կարող են կարծիք ունենալ: Առավել կոնկրետ, պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով ավելի շատ հայտնի է Շմայս մականվամբ, և ոչ պակաս հայտնի Գալուստ Սահակյանը, իրենց թույլ տվեցին այնպիսի հայհոյական արտահայտություններ, որոնք էթիկայի նորմերից ելնելով հնարավոր չէ անգամ ներկայացնել ստորև: Ի դեպ նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հիշյալ պատգամավորները աչքի են ընկնում հրապարակային հայհոյանքներով, և ոչ միայն նրանք, այլև հանրապետական պատգամավորների մեծամասնությունը: Մեզ մնում է փաստել, որ Ազգային ժողովում, և ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության մեջ մասնավորապես հայհոյանքի ինստիտուտը սպառնում է վերածվել քաղաքական կատեգորիայի և դառնալ հարցուպատասխանի, հայտարարությունների և բանավեճերի բաղկացուցիչ մաս: Մենք , իհարկե, կփորձենք պարզել , թե ինչ է ձեռնարկելու ԱԺ էթիկայի հանձնաժողովը, որի անդամն է նաև Փոստանջյանը, սակայն նշենք, որ մեծ հույսեր կապել սույն հանձնաժողովի հետ առանձնապես պետք չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում որևէ մեծ կամ փոքր կառույց գրեթե չի աշխատում նպատակային կերպով և չի իրականացնում իր վրա դրված գործառույթները: