տուն Քաղաքական Համաներումը դեռ արդարացում չէ

Համաներումը դեռ արդարացում չէ

277
0

tigran copy

Ինչպես արդեն հայտնի է, Սերժ Սարգսյանը համաներման առաջարկ է ներկայացրել ԱԺ-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ համաներման առաջարկը հաջորդեց Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ավարտին` կարծես նախանշելով «աղվանական» ժամանակաշրջանի ավարտը: Իհարկե, հետևելով մինչև օրս Գևորգ Կոստանյանի գործունեությանը, առանձնապես մեծ հիմքեր չկան ենթադրելու, որ դատախազական համակարգում ակնկալելի են արմատական փոփոխություններ, սակայն կոռեկտ չէ նաև կանխակալ մեղադրական եզրակացությունը, և ժամանակն, այս առումով, ամեն ինչ ցույց կտա: Վերադառնալով սակայն համաներմանը նշենք, որ վերջին անգամ համաներում իրականացվել էր 2009 թվականին, որի արդյունքում էլ ազատ արձակվեցին մարտի մեկի գործով ձերբակալված բազմաթիվ քաղբանտարկյալներ: Այս տեսանկյունից 2009-ի և առաջիկա համաներումների քաղաքական նշանակությունն ու արժեքը գրեթե համեմատելի չեն: 2009 թվականի համաներումը ավելի շատ քաղաքական որոշման արդյունք էր, որը փորձ էր նաև որոշակիորեն փրկել Հայաստանի հեղինակությունը, քանի որ պարզից էլ պարզ էր, որ վերջապես ազատության մեջ էին հայտնվելու գործիչներ, որոնք ձերբակալվել էին զուտ քաղաքական հայացքների և գործունեության համար: Այդ համաներումը սակայն նվազագույնն էր, որ արվեց իշխանությունների կողմից, քանի որ մարտի մեկի սպանությունների գործով Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ ընթացող ծածկադմփոցը մինչ օրս մնում է խոշոր սև բիծ առկա վարչակարգի վրա: Մյուս կողմից, քաղաքական առումով առաջիկա համաներումը հույս է տալիս կարծելու, որ գոնե այս կերպ վարչակարգը կկարողանա ներուժ գտնել և հնարավոր դարձնել Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը, ում ներկայիս կարգավիճակը չի ենթարկվում որևէ տրամաբանության : Սակայն հարկավոր է շեշտել նաև կարևոր մի փաստ. համաներումն ինքնին չի ենթադրում արդարացում, այլ զուտ, այսպես ասած, իշխանության «բարի կամքի» դրսևորումն է և ֆորմալ առումով համաներմամբ ազատ արձակված քաղաքացին արդարացված չէ (խոսքը վերաբերում է քաղաքական գործունեության համար դատապարտածներին, քրեականների առումով ամեն ինչ շատ պարզ է): Սակայն մյուս կողմից գրեթե հնարավոր չէ առկա համակարգի պայմաններում սպասել, թե վարչակարգը կարող է համապատասխան ներուժ գտնել լիարժեք ու հրապարակային արդարացման վճիռներ կայացնելու համար, ուստի այս պայմաններում համաներումը դառնում է յուրօրինակ մեղքերի խոստովանություն: Ամփոփելով նշենք նաև, որ եթե Տիգրան Առաքելյանը համաներման արդյունքում ազատ արձակվի, ապա դա բոլորովին էլ դեռ չի նշանակում, որ համակարգն ավելի լավն է դարձել, քանի որ հենց կոնկրետ երիտասարդ ակտիվիստի նկատմամբ կիրառված ամբողջ գործընթացն ինքնին կարող էր հեղ՚ինակազրկել անգամ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող ցանկացած երկրի իրավապահ համակարգը:
Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here