տուն Լուրեր Բլոգ Համանախագահների արձագանքն անհամարժեք էր

Համանախագահների արձագանքն անհամարժեք էր

278
0
tigran abrahamyan 2Քաղաքական մեկնաբան  Տիգրան Աբրահամյանը իր ֆեսբուքյան էջում գրում է.

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է, որ «համանախագահները վերահաստատել են իրենց երկրների հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին հիման վրա»:

 

Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ուժի կիրառման սպառնալիքի ուղղակի կամ անուղղակի դրսևորումները չէին կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից, ինչն արտացոլված է համանախագահների հայտարարություններում: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նմանատիպ հայտարարությունները լուրջ հիմք չեն տալիս պնդելու, որ այսուհետ Ադրբեջանը զերծ կմնա «ուժային հայտարարություններից»:

 

Համատեղ հայտարարությունում նաև կողմերին առանձնակի կոչ էր արվում «զերծ մնալ այնպիսի գործողություններից և քայլերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում և սրել հակամարտությունը»:

 

Պետք է նշել, որ Ադրբեջանը, մանավանդ վերջին շրջանում, ճիշտ հակառակ ձևով է գործել. իր քայլերով ոչ միայն սրել է իրավիճակը տարածաշրջանում, այլև լրացուցիչ լարվածություն առաջացրել՝ դիպուկահարների ակտիվ գործողություններ, ուժի կիրառման վերաբերյալ հայտարարություններ, քաղաքացիական անձանց և բնակավայրերի ուղղությամբ իրականացված ինտենսիվ կրակ, մեծածավալ սպառազինության ձեռքբերման գործարքներ: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը նույնիսկ Հայաստանի տարածքների նկատմամբ է «հետաքրքրություն դրսևորում»՝ հայտարարելով, որ Զանգեզուրն ու Երևանը իր պատմական տարածքներն են:

 

Ադրբեջանն արդեն իսկ ապացուցել է, որ միջազգային սկզբունքներն ու բանաձևերն իրեն հետաքրքրում են բացառապես իր շահերի շրջանակներում, քանզի հակառակ դեպքում, իրեն հարգող պետությունը, տարբեր հարթակներում տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին հայտարարություններ անելիս, միաժամանակ իրեն թույլ չէր տա ընդգծված հավակնություններ դրսևորել մեկ այլ պետության տարածքների նկատմամբ:

 

Համանախագահների հայտարարությունը «զգուշացնող մեսիջներ» էր պարունակում Ադրբեջանի համար, սակայն դրանք համարժեք չէին այսօրվա իրողություներին և չեն կարող արգելակել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here