տուն Քաղաքական Կքննարկվի՞ Ադրբեջանի՝ փոխանակման առաջարկը. մեկնաբանում է Դավիթ Բաբայանը

Կքննարկվի՞ Ադրբեջանի՝ փոխանակման առաջարկը. մեկնաբանում է Դավիթ Բաբայանը

596
0

Այսօր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում և Ադրբեջանում դատապարտված քաղաքացիներին փոխանակելու վերաբերյալ:

Մասնավորապես, Բաքուն ցանկություն ունի փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ հետ:

Հիշեցնենք, որ 2014 թ. ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դիլհամ Ասկերովը  դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենք պահելու և լրտեսության, նաև հայկական բանակի սպայի սպանության համար:

Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է քննարկելու դիվերսանտներին հայ գերիներով փոխանակելու հարցը, և ստացե՞լ են արդեն դիմումը։

Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցին կարող են պատասխանել միայն Արցախի իշխանությունները․ «Դիվերսանտները կոնկրետ հանցագործություն են կատարել, մարդ են սպանել և հիմա դատապարտված են, ես չեմ կարող որևէ կերպ արձագանքել»։ 

Հարցին՝ մենք պատրաստ չե՞նք այդ փոխանակումը քննարկելու, խոսնակը նշեց, որ ոչ՝ շեշտելով․ «Իհարկե, հանձնաժողովը կարող է քննարկել, բայց անպայման պետք է հաշվի առնեն Արցախի իշխանությունների կարծիքը»։

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսպիսի հայտարարություններ ադրբեջանական կողմը բազմիցս է կատարել․ «Մենք միշտ ասել ենք, որ սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Բացի դրանից, այստեղ խորհրդանշական երևույթներ էլ կան, որովհետև Ադրբեջանը ժամանակին թղթեր է ուղարկել այսպիսի առաջարկով հատկապես սեպտեմբերի 11-ին։ Տեսեք՝ սա ինչ հարված է միջազգային հանրությանը, առաջադեմ մարդկությանը, որովհետև սեպտեմբերի 11-ը ահաբեկչության ամենացայտուն օրն է։ Հայ ազգի քաղաքացիներին նրանք պարտավոր են բաց թողնել. այդ մարդիկ ահաբեկիչներ, մարդասպաններ և հանցագործներ չեն, իսկ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է փոխանակել մարդկանց, ում առանց այդ էլ պարտավոր է ազատ արձակել, ահաբեկիչների, մարդասպանների հետ։ Նրանց մեղքը և հանցանքը բացահայտվել են թափանցիկ և բաց դատավարության ժամանակ, որտեղ ներկա են եղել և՛ միջազգային փորձագետներ, և՛ մարդու իրավունքների պաշտպաններ, և՛ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Սա հոգեբանական, քաղաքական և դիվանագիտական ահաբեկչություն է։ Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ»,- ասաց նա։

Բաբայանի խոսքով՝ պետք է այս գործընթացներին շատ լուրջ վերաբերվել․ «Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ավելի կեղտոտ և ավելի վտանգավոր քայլերի։ Օրինակ՝ փորձի տարբեր երկրներում պատանդ վերցնել հայ ազգի մարդկանց, Հայաստանի քաղաքացիների, սփյուռքահայերի, հայտնիների, որ հետո շահարկի այդ երկու հանցագործների հետկանչումը»։

Հարցին՝ ինչի՞ համար է Ադրբեջանն այդքան պայքարում երկու դիվերսանտի համար, խոսնակը նշեց․ «Որովհետև այդ երկիրն իր տեսակով ֆաշիստական և ահաբեկչական է։ Նրանք ուզում են այդ ահաբեկիչներին սարքել հերոսներ։ Իրենց մոտ բարոյահոգեբանական լուրջ ճգնաժամ է։ Նրանք Սաֆարովին են հերոս դարձրել։ Սրանք հանցագործ մոլագարներ են, իրենք իկոնաներ չունեն։ Այդպիսի մարդկանց օրինակով են փորձում իրենց մատաղ սերունդը դաստիարակել»։

Բայց, այնուամենայնիվ, դիմումը ստանալու պարագայում հանձնաժողովը քննարկելո՞ւ է հարցին Բաբայանը կտրուկ պատասխանեց․ «Այդ հարցը չի կարող քննարկվել, մենք ահաբերկչությունը չենք կարող քննարկել»։

Արդյոք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի երեկվա ռազմատենչ հայտարարությունը և այս փոխանակման հայտարարությունը ինչ-որ կերպ կարող են կապ ունենալ միմյանց հետ հարցին Բաբայանն արձագանքեց․ «Այս ամենը մի շղթա է. ահաբեկիչներին հետ կանչեն, հայեր սպանողներին հերոսացնեն։ Մենք երբևիցե չպետք է կտրվենք իրականությունից։ Հակառակորդը չի փոխել իր մոտեցումները, իր նպատակները։ Մենք միշտ պետք է լինենք զգոն և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here