Օրեր առաջ համացանցում դարձյալ շրջանառվում էր մեկ տարի առաջ հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ չեխ մասնագետները հայտնաբերել են քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, Ալավերդու տնական հավկիթներում, մարդու մազի մեջ: Մասնագետների պնդմամբ՝ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում ծանր մետաղներով աղտոտվածությունը բավական մեծ է: Այս տեղեկությունը վերստին բուռն քննարկումների տեղիք է տվել։
«Ալավերդու գործարանը, Ախթալայի կոմբինատը, Թեղուտի հանքավայրը, պոչամբարը՝ սրանք են հիմնական աղտոտիչները՝ ըստ ուսումնասիրության:
Այնուամենայնիվ, անցել է մեկ տարի այդ ուսումնասիրությունից, շրջակա միջավայրի նախարարությունն ի՞նչ հետեւություններ եւ քայլեր է արել:
Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ պատասխան ստանալու: Ի պատասխան տեսչական մարմինը տեղեկացրեց՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում ստուգում կատարվել է 2018 թվականի օգոստոսին: Ստուգմամբ՝ վնասակար նյութեր մթնոլորտ արտանետելու սահմանված չափաքանակները գերազանցելու պատճառով կազմվել է համապատասխան ակտ, գործարանի գործունեությունն էլ դադարեցվել է:
Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրին եւ Ախթալայի կոմբինատին, տեսչության պատասխանից պարզ է դառնում՝ Թեղուտի հանքավայրը չէր աշխատում 2018-ի հունվարի 11-ին, սակայն վերսկսել է իր գործունեությունը 2019 թ. հուլիսի 1-ից: Ախթալայի կոմբինատի ընկերության 3 պոչամբարներից գործում է միայն «Նահատակ» պոչամբարը: Իսկ մյուս երկու պոչամբարներից «Նազիկը» կոնսերվացված է, իսկ «Պայթուցիկ նյութերի ձոր» պոչամբարը գործում է միայն վթարային իրավիճակներում:
Տեսչությունը նաև տեղեկացնում է՝ 2020-ին կստուգվեն Ախթալայի կոմբինատն ու Թեղուտի հանքավայրը:
Անդրադառնալով հավկիթում, մարդու մազի նմուշներում ծանր մետաղներով աղտոտվածությանը՝ տեսչությունը, պարզվում է, մոնիթորինգ եւ լաբորատոր հետազոտություն չի արել:
Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարի բնապահպաններն այս ուսումնասիրությունից հետո հայտարարեցին՝ կառավարությունը քաղաքական կամք պետք է դրսեւորի՝ խնդրի լուծման համար:
Սոնա Դավթյան