տուն Քաղաքական Վերլուծական Լրագրողներին մնում է գործել գրեթե պատերազմական էթիկայի կանոններով

Լրագրողներին մնում է գործել գրեթե պատերազմական էթիկայի կանոններով

361
0

fa54b9e72faba94bbe64f60d8ccd01db

Երեկ ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն է արել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության օրը ծառայություն իրականացնող ոստիկան Ս. Բաղդասարյանին և նկատողություն`ոստիկան Գ. Ղասաբողլյանին՝ միջադեպը թույլ տալու համար:

Սա կարելի է համարել ոստիկանության գոնե երբեմն օրենքի դաշտում  գործելու իմիտացիաների շարքից, քանի որ նման հանրային հնչեղություն ստացած դեպքի կապակցությամբ հնարավոր չէր գոնե նկատողություն չտալ: Սակայն ինչի պետք է արժանանային նման ոստիկաններն իրականում: ՀՊՏՀ-ում տեղի ունեցածի ընթացքում ոստիկանները նախ չեն կատարել այն գործառույթները, որի համար գտնվում էին տվյալ տարածքում, խանգարել են լրագրողների աշխատանքը, չեն արձագանքել Հանրապետական ուսխորհրդի կողմից լրագրողների աշխատանքների խոչընդոտմանը, չեն արձագանքել նույն ուսանողների կողմից լրագրողների հասցեին հնչեցված հայհոյանքներին: Հիշեցնենք նաև, որ բացի այս երկու ոստիկաններից, լրագրողների ահազանգին չեն արձագանքել նաև ոստիկանությունից:

Այսպիսով, ոստիկանությունը՝ տվյալ դեպքում այս երկու ոստիկանները գտնվել են շկաֆի կարգավիճակում, որը որևէ առնչություն չունի մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հետ: Իսկ Վովա Գասպարյանը բավարարվել է նկատողություն տալով: Հետագայում նման ոստիկանները դարձյալ վարվելու են նման կերպ և, դեպքի հնչեղություն չստանալու պարագայում, անգամ այդ նկատողությունը չեն ստանա:

Ոստիկանությունը ակնհայտ անգործություն է ցուցաբերում նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտած քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու հարցում, որոնց, համաձայն քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, սպառնում է  ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այս միջադեպի ընթացքում լրագրողների խախտված իրավունքները ոչ մի կերպ չեն վերականգնվել, իսկ մեղավորները չեն ենթարկվել պատասխանատվության: Հետևաբար ստեղծվել է անպատժելիության  նախադեպ՝ հետագայում ևս նմանատիպ գործողությունների իրականացնելու համար: Այսպիսով, այս և նմանատիպ այլ դեպքերով (լրագրողներին բերման ենթարկել՝ դեկտեմբերի 2-ին, բռնություն կիրառել) կարելի է փաստել, որ լրագրողները ներկայումս և հետագայում աշխատում են որևէ պաշտպանվածություն չունենալու պայմաններում: Իսկ էթիկայի կանոնները պետք է համապատասխան լինեն առկա միջավայրին: Հետևաբար այս պայմաններում խոսել լրագրողական էթիկայի մասին՝  նորմալ իրավիճակում գործող էթիկայի կանոնները պրոյեկտելով ներկա ժամանակաշրջանի վրա՝ առնվազն դեմագոգիա է:

Նման պայմաններում, երբ պետությունը (ի դեմս ոստիկանության) չի պաշտպանում լրագրողների իրավունքներն ու անվտանգությունը, մնում է դիմել ինքնապաշտպանության, իսկ աշխատանքի իրականացման խոչընդոտների դեպքում՝ սեփական ուժերով դրանց հաղթահարմանը: Պետք է գործել գրեթե պատերազմական էթիկայի կանոններով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here