Եվ այսպես Վիլնյուսյան գագաթնաժողովից Հայաստանը վերադառնում է լիովին ձեռնունայն: Չնայած, մինչ Սերժ Սարգսյանի Վիլնյուս մեկնելը, հայ քաղաքական գործիչների և փորձագետների մեծամասնությունը նշում էր, որ Եվրոպան չի կորցրել իր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և շարունակելու է համագործակցության եզրեր փնտրել: Այս տեսանկյունից նշվում էր, որ կստորագրվի, թեկուզ և Ասոցացման համաձայնագրից մի քանի մակարդակ ցածր և դեկլարատիվ բնույթի հայտարարություն կամ որևէ այլ փաստաթուղթ: Սակայն, այսօր այդ բոլոր կանխատեսումներն ի դերև ելան: Եվրահանձնաժողովի նախագահ Հերման վան Ռոմպոյն իր ելույթն սկսեց՝ ողջունելով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգի վերաբերյալ համաձայնագիրը: Իր ելույթում Ռոմպոյն անգամ չհիշատակեց Հայաստանի մասին: Սրանով, արդեն հստակ կարող ենք ասել, որ Եվրոպան տվեց քաղաքական գնահատական Հայաստանի վարած քաղաքական գծին:
Եթե սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը հայտնվել էր բավականին անորոշ ուղեծրի մեջ և խարիսխը կորցրած մակույկի պես դես ու դեն էր նետվում, ապա Վիլնյուսից հետո արդեն ամեն ինչ առավելագույնս պարզ է և այդ պարզությունը որևէ կերպ չի բխում մեր շահերից: Ռուսական զենքի կամ «սապոգի» փայլից շլացած գործիչներն ու հասարակագետները աննախադեպ եռանդով կշեշտեն, որ հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում Արևմուտքը մշտապես երես է թեքել Հայաստանից, «քցել» հայերին, և միակ ու անկրկնելի բարեկամը դա Ռուսաստանն է։ Դա արդեն բավական է՝ ապացուցելու համար, որ Սերժ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտարարությունը Հայաստանի պայծառ ապագայի գլխավոր գրավականն է: Սակայն, ցավոք սրտի, իրականությունը փոքր-ինչ այլ է:
Ներկայիս պուտինյան վարչակարգը ողբերգական հետևանքներ է սփռում ոչ միայն Ռուսաստանի «դաշնակիցների» և ազդեցության գոտիներում գտնվող երկրների համար, այլև մեծագույն սպառնալիք է հանդիսանում նաև հենց ռուսաստանյան հասարակության համար: Նեոնացիստական տրամադրությունների վերելքը ցանկացած հասարակության ծանրագույն հիվանդությունն է, և ռուսներն այս առումով բացառություն չեն:
Մյուս կողմից Վիլնյուսում Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարում է, թե իրենք չեն կարող բանակցել ոչ ժողովրդավարական երկրների հետ։ Այսինքն, փաստորեն, Հայաստանը հենց այդ ցանկում է: Սակայն այստեղ էլ երևում է արդեն եվրոպական երկակիությունը: Վերջիվերջո, հենց այդ նույն Եվրոպան ճանաչեց ու լեգիտիմացրեց ոչ ժողովրդավարական ընտրությունները, աչք փակեց Մարտի մեկի վրա, քաղաքական դատավարությունների բազմաթիվ դեպքերի վրա` մի գուցե հույս ունենալով, որ դրանով կարող է իմ կողմը թեքել Հայաստանին, սակայն Եվրոպան ընկավ իր իսկ պատրաստած ծուղակը: Սերժ Սարգսյանի վարչակարգը, որի ֆորմալ լեգիտիմացիան նաև Եվրոպայի «ձեռքբերումն» էր, զրկված լինելով հանրային աջակցությունից և չունենալով լայն սոցիալական հենարան, անկարող եղավ անգամ դույզն-ինչ դիմադրել պուտինյան ռազմամեքենային:
Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Հայաստանի սահմանադրության հիմքում դրված են առավելապես եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի հիմնարար սկզբունքները, ժողովրդավարությունը, մարդու և քաղաքացու հիմնարարար իրավունքներն ու ազատությունները այն թիրախին, որի ուղղությամբ շարժվելու ենք մենք, ուստի պետք է ընդունենք Եվրոպան՝ իր բոլոր թերություններով հանդերձ, թե ինչքանով դա կստացվի՝ կախված է միմիայն մեզանից:
Անդրադառնալով Վիլնյուսից հետո ստեղծված իրավիճակին կարող ենք փաստել, որ սեպտեմբերի 3-ից հետո ոչ միայն ընկել է Հայաստանի վարկանիշը` որպես վստահելի գործընկերոջ, այլ ավելի վատ` Հայաստանը հայտնվել է եվրոպական հետաքրքրությունների շրջանակից դուրս. այս մասին վկայեց Վիլնյուսը, որը նաև ցույց է տալիս, որ եվրոպական տեսանկյունից, Հայաստանն այլևս կորուսյալ տարածք է համարվում, համենայնդեպս՝ ներկայիս շրջափուլում: Թե ինչ կարող է անել Հայաստանը առկա պայմաններում՝ չափից ավելի ակնհայտ է ու պարզ դեռ շատ վաղուց. պետք է ունենալ լեգիտիմ, ժողովրդավարության սկզբունքների տառին համապատասխան ձևավորված իշխանություն, որը ունենալով հասարակական աջակցության բարձր չափաբաժին, կկարողանա կայացնել միմիայն Հայաստանի շահերից բխող որոշումներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի և այլոց հետ հարաբերություններում: Հակառակ պարագայում, ինչպես մենք տեսնում ենք, Հայաստանը քայլ առ քայլ զիջում է և զիջելու է իր ինքնիշխանությունը: Այս տեսանկյունից Վիլնյուսի, այսպես ասած, դրական ձեռքբերումներից կարող ենք համարել այն, որ հերթական անգամ մենք ականատես եղանք, թե ինչպես կարող են ձախողվել խամաճիկ և ոչ լեգիտիմ իշխանությունները:
Աղասի Մարգարյան