տուն Լուրեր Իրաքի քրդական ինքնավարությունը չի անկախանա

Իրաքի քրդական ինքնավարությունը չի անկախանա

64
0

syria_kurds02_wide-e99bdef11cdf1dab22ff8c92a08bb559c8051b1a-s6-c30

Իրաքում ծավալված իրադարձությունները այս օրերին համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են գտնվում: «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության Իրաք նեխուժումից հետո ակտիվացան երկրի մասնատման մասին խոսակցությունները: Օրերս Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին BBC-ի հետ զրույցում հայտարարեց, որ քրդերը պատրաստվում են անկախության հանրաքվե անցկացնել: Քրդերի հնարավոր անկախության մասին AraratNews.am-ը զրուցեց արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ:
Պարոն Ոսկանյանի կարծիքով՝ այս պահին դժվար է պատկերացնել անկախ Քրդստան.«Մասուդ Բարզանին քրդերի անկախության մասին այս կամ այն ձևակերպումներով քանիցս հանդես է եկել, թե՛ նախկին տարիների ընթացքում, և թե հենց նախորդ ամիս, երբ Իրաքի գրեթե կեսն ուղղակի նվաճվեց «Իրաքի և Ասորիքի իսլամական պետության» զինյալների կողմից, ինչը առիթ դարձավ միասնական Իրաքի գոյության անհնարինության մասին խոսակցությունների հերթական փուլի ակտիվացման»,-կարծում է Վարդան Ոսկանյանը` նկատելով, որ քրդերի հիմնական աջակից ԱՄՆ-ն ևս հետաքրքրված չէ Իրաքի մասնատմամբ. «Դատելով իրաքյան քրդական ինքնավարության հիմնական հովանավորը հանդիսացող ԱՄՆ-ի ներկայացուցիչ պետքարտուղար Ջոն Քերիի հենց Մ. Բարզանիի հետ վերջին հանդիպման ընթացքում Բաղդադում ձևավորվելիք նոր կառավարությանը քրդերի մասնակցության վերաբերյալ հորդորից՝ Իրաքի ավերակների վրա անկախ Քրդստանի ստեղծմամբ շահագրգիռ չեն ոչ միայն քրդական անկախության հնարավորությամբ ավանդաբար մտահոգ Անկարան, Թեհրանը և Դամասկոսը, այլ նաև քրդերի հիմնական դաշնակից և աջակից Վաշինգտոնը, որն իրականում գրեթե անսահման, այդ թվում նաև ռազմական, ազդեցություն ունի հենց Հյուսիսային Իրաքի քրդաբնակ տարածքներում, ինչի հետ հաշվի են նստում քրդական քաղաքական վերնախավի անխտիր բոլոր ներկայացուցիչները: Իրաքի մասնատման դեպքում երկրի շիական հատվածի վրա ավելի կմեծանա Իրանի ազդեցությունը, որը վստահորեն կարելի է ասել, որ ԱՄՆ-ին ձեռնտու տարբերակ չէ: Այս պահին Արևմուտքը անում է ամեն ինչ՝ Իրաքի մասնատումը թույլ չտալու համար»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Արևելագետի կարծիքով այս համատեքստում անկախության մասին Էրբիլից հնչած հերթական հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, հետապնդում է երկու նպատակ, որոնցից ոչ մեկը, որքան էլ տարօրինակ է, ուղղակիորեն չի առնչվում Քրդստանի անկախությանը.«Մասուդ Բարզանին նախ փորձում է ամրագրել քրդերի նոր տարածքային ձեռքբերումները՝ հատկապես Քիրքուքում և հարևան շրջաններում Բաղդադի հետ հետագա բանակցությունների ընթացքում և երկրորդը՝ Իրաքի նոր՝ նաև քրդերի մասնակցությունը ենթադրող, կառավարության ստեղծման նախաշեմին ապահովել «սակարկության» համար հնարավորին ամուր դիրքեր»: