Ինչպես երեւում է, մեր երկրին լրջագույն փորձություններ են սպասվում: Վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են ծավալվում, որ անհավատալի կարող էին թվալ նույնիսկ ամիսներ առաջ: ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս խոսքերը, թերեւս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են եւ փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով: Ս. Սարգսյանն ուղիղ ձեւով հասկացնում է, որ երեքով էլ պետք է հեռանանք, քանի որ եռյակի ստեղծած համակարգը փլվում է:
Երեկ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց նաեւ բարեփոխումների նախագծի հրապարակումը, ուր նշված է, որ մեր երկիրը պետք է նախագահական համակարգից անցում կատարի խորհրդարանականին (ինչը Ս. Սարգսյանի սրտով չէ). նախ՝ դրանով փորձ արվեց շեղել հասարակական ուշադրությունը իշխանության փլուզման իրավիճակից: Բացի այդ ցույց տվեց նաեւ այդ մտքի հեղինակների կարճատեսությունը: Պատմության դասագրքերից մենք լավ ենք հիշում, որ 18-20 թվականներին Հայաստանում դարձյալ պառլամենտական համակարգ էր, որտեղ ամիսներով Կառավարության որոշումները չէին ընդունվում, իսկական քաոս էր:
Բացի դրանից, նախագծում առկա է նաեւ քաղաքական ինտրիգ. պարզվում է՝ ՍԴ նախագահն իր «հագով է կարել» սահմանադրական բարեփոխումները: Ահա թե ինչ է գրված այնտեղ. «Պետք է ներդրվի պետական իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի իրավական լուծման գործուն համակարգ»: Իսկ ո՞վ պետք է ղեկավարի այդ համակարգը եթե ոչ ՍԴ հավերժ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ու սա պետք է լինի մեր երկրի մայր օրենքը:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը