տուն Քաղաքական Վերլուծական Թրամփի վարչակազմը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը. ամերիկագետ

Թրամփի վարչակազմը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը. ամերիկագետ

528
0

Քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում մեկնաբանեց մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ Թրամփի վարչակազմը դեմ է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին:

Նրա համոզմամբ, սա աննախադեպ երևույթ է, որը վկայում է Թրամփի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին խոչընդոտելու դիրքորոշման մասին:

«Բլումբերգ պարբերականի հրապարակած հոդվածում նշվող պաշտոնյան առաջինն է Թրամփի վարչակազմում, որ բացեիբաց խոսում է Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման՝ ԱՄՆ շահերին չհամապատասխանելու մասին: Սա նշանակում է, որ Թրամփն ու իր վարչակազմը որոշակի ճնշման գործիքներ են ներդնում, որպեսզի օրինագծը չքննարկվի Սենատում կամ տապալվի: Իհարկե, սա վատ սցենար է, բայց դրական գործոնն էլ այն է, որ լոբբիստներն ու հայկական կառույցների ներկայացուցիչներն ակտիվ աշխատանք են կատարում, ինչի արդյունքում բանաձևը սատարող սենատորներն այս պահին 22-ն են: Ամեն դեպքում ԱՄՆ վարչակազմի ներգրավվածությունն ու դիրքորոշումը կարևոր է»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը:

Ամերիկագետի ենթադրությամբ, ԱՄՆ վարչակազմի կողմից բանաձևերի տապալումը մեծ հավանակություն ունի, բացի այդ, ըստ Սուրեն Սարգսյանի, այդ սցենարը հավանական է, քանի որ Սենատում մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները՝ ի հեճուկս Ներկայացուցիչների պալատի:

Ինչ վերաբերում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի քննարկման ժամկետին, Սուրեն Սարգսյանը նշեց, որ դա հնարավոր կլինի մոտակա մեկ ամսվա ընթացքում՝ պայմանավորված այն հանգամանքով, թե որքան սենատորներ կաջակցեն օրինագծի ընդունման գործընթացին: