Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշեց. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո կբացվեր հայ-թուրքական սահմանը, ապա կարող ենք ասել, որ դա այնքան էլ այդպես չէ: Թուրքիան սահմանների փակելը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտությամբ և ցեղասպանությամբ: Այս պահի դրությամբ ԵՄ-ն դեռ պատրաստ չէ Հայաստանին տրամադրել այնպիսի երաշխիքներ, որոնք կապահովեին հայ-թուրքական սահմանի բացումը, ուստի այս պահին պետք չէ ակնկալել , որ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանը կբացվեր»: Թուրքագետը շեշտեց, որ Հարավային Կովկասում Թուրքիան մշտապես լուրջ շահեր է ունեցել.
«Հարավային Կովկասում որևէ խոշոր քաղաքական կամ տնտեսական գործընթաց եղել է Թուրքիայի հետաքրքրության ոլորտում: Հարավային Կովկասը Թուրքիայի համար շատ կարևոր է բոլոր տեսանկյուննեից, այն միջանցք է դեպի Միջին Ասիայի երկրներ: Տարածաշրջանում բնականաբար Թուրքիայի լուրջ մրցակիցը Ռուսաստանը: Շատ վերլուծաբաններ նշում են որ Թուրքիան Կովկասում նշում է ԱՄՆ շահերը, սակայն դա այնքան էլ այդպես չէ»: Թուրքագետի խոսքերով Թուրքիան ներկայումս փորձում է իր ազդեցությունը տարածել Վրաստանի և Ադրբեջանի վրա, երբեմն էլ, անգամ շանտաժի մեխանիզմներով, որոնք սովորաբար մինչ օրս հաջողությամբ են պսակվում: Այս առումով Թուրքիան բավական հաջողությամբ շահարկում է նաև ղարաբաղյան հարցը, թեկուզ և Ադրբեջանի վրա տարբեր ճնշումներ գործադրելու համար: Անդրադառնալով Դավութօղլուի այն հայտարարություններին, թե պետք է բացվեն հայ-թուրքական սահմանները և հարաբերությունները կարգավորվեն, թուրքագետը նշեց, որ դրանք սովորական հայտարարություններ են, որոնք ինչ-որ առումով ուղղված են նաև Ադրբեջանին, քանի որ դրանից առավել շատ անհանգստանում է վերջինս, ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակին, թուրքագետը շեշտեց, որ Թուրքիային այս պահին առավել անհանգստացնում է հայկական սփյուռքը , քան բուն Հայաստանը: