«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխարինվի գրավով:
«Մեծ հարգանք տածելով այս դահլիճում նստած անձանց նկատմամբ, ովքեր իրենց հարազատներին կորցրել են Մարտի 1-ին, բայց ես պետք է ասեմ հետևյալը, որ այս հոդվածի քննարկումը կապ չունի որևէ տուժողի հետ: Տուժողների՝ ներգործության հետևանքով իրենց հարազատներին կորցնելու հարցն այսօր այստեղ չի քննարկվում»,- ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ Քոչարյանը անհավասար պայմաններում է գտնվում, «կարծես թե բոլորը կողքից նայում են ու հրճվում, թե ինչպիսի պայմաններում է գտնվում հանրապետության երկրորդ նախագահը»։
Անդրադառնալով Քոչարյանի՝ ազատության մեջ գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքին՝ Օհանյանն ասաց․ «Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա հարզատներից որևէ մեկը, ոչ ես, այն հազարավոր զինվորականները, որոնք քննվել են քրեական գործով, թեկուզ մեկ զանգ չենք արել նրանց և ասել՝ ձեր այս կամ այն ասածը փոխեք: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կողմ եմ պաշտպանության կողմի միջնորդությունը»,- ասաց Օհանյանը: