տուն Քաղաքական Վերլուծական Ընդդեմ Սերժ Սարգսյանի, ընդդեմ Մաքսային միության և «ընդդեմ ավագ սերնդի»

Ընդդեմ Սերժ Սարգսյանի, ընդդեմ Մաքսային միության և «ընդդեմ ավագ սերնդի»

254
0

Վերջին շրջանում հանրության մեջ, ընդդիմադիր դաշտում նորից ակտիվացել են քննարկումները այն մասին, թե ում պետք է թիրախավորել, ում դեմ է պետք պայքարել, ինչպես տանել պայքարը:

Այն, որ Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած վարչախմբի թիրախավորումը այլընտրանք չունի՝ ակնհայտ է: Այն, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության կայացման առաջին խոչընդոտներից է Սերժ Սարգսյանը և վերջինիս ղեկավարած վարչախումբը` դա նույնպես կասկածի տակ առնել հնարավոր չէ: Ընդհանրապես, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի և իր վարչախմբի պաշտոնավարման շարունակության պարագայում կասկածի տակ է դրվում անգամ Հայաստանի Հանրապետության գոյությունը անկախ պետությունների շարքում:

Այն, որ ներկա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, ինչպես նաև ժողովրդավարական պետության հեռանկարը վտանգված է Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի վարած ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության, վերցրած արտաքին քաղաքական կուրսի հետևանքով՝ նույնպես ակնհայտ է: Հետևաբար, այս իրավիճակից դուրս գալու համար Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսի մերժումը ուղղակի անհրաժեշտություն է: Այդ քաղաքականության պիկը հանդիսացող և Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակ խոստացող Մաքսային միության անդամակցության մերժումը և բացառումը նույնպես այլընտրանք չունի:

Այն, որ առկա փակուղային իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներից է Սերժ Սարգսյանի և վարչախմբի կրած արժեհամակարգը` նույնպես անհերքելի է: Այդ քրեական, նեղ ընտանեկան, թայֆայական արժեհամակարգը տարիներ շարունակ պաշտոնական մշակույթի և քարոզչության միջոցով սերմանվել է հանրության մեջ: Բնակչության մեծամասնության կրած այս արժեհամակարգն է, որն ինքն իրենով սնում է վարչախմբին: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր վերարտադրում է այս համակարգը իր անձնական, համայնական հարաբերություններում:

Արժեքային այս ճգնաժամի պատճառներից է Հայաստանում սերունդների կոնֆլիկտի բացակայությունը: Առաջընթացի, արժեհամակարգի, կենսակերպի փոփոխության, այլընտրանքների ստեղծման գլխավոր գործոնը հանդիսանում է հենց սերունդների կոնֆլիկտը: Երիտասարդները պետք է հակադրվեն ավագ սերնդին, վերաիմաստավորեն վերջիններիս արժեքները, անցած ճանապարհն ու կենսակերպը: Սակայն այս կոնֆլիկտի բացակայության պայմաններում երիտասարդ սերունդը շարունակում է ապրել այնպես, ինչպես իրենց հայրերը:

Այսպիսով, վերջին 20 տարիներին Հայաստանում ո’չ արժեքային, ո’չ տարիքային առումով սերնդափոխություն տեղի չի ունեցել: Տեղի չեն ունեցել քաղաքական էլիտայի փոփոխություններ: Ընդամենը 90-ականներին ձևավորված էլիտայի կազմում վերադասավորումներ են տեղի ունեցել: Հետևաբար ճգնաժամը հաղթահարելու համար առկա կոնֆլիկտը անհրաժեշտ է վերածել սերունդների կոնֆլիկտի, այսպես կոչված` փակ, ավտորիտար սովետական կայսրություն տեսած, անկախություն նվաճած և ներկայումս այդ անկախությունը վտանգի տակ դրած սերունդի և անկախ Հայաստանում ձևավորված անկախության և ազատության սերունդի կոնֆլիկտի:

Այսպիսով, իրապես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետության կերտման համար սերնդափոխությունը, քաղաքական նոր էլիտայի ձևավորումը նույնպես այլընտրանք չունի: Այս պայմաններում իրապես այդպիսի Հայաստան երազող ավագ սերնդի ներկայացուցիչները պետք է քաղաքական կամք դրսևորեն, իրենց տեսական և գործնական փորձը փոխանցեն նոր սերնդին` միաժամանակ չանցնելով արժեքավոր խորհրդատուի սահմանը:

Այսպիսով, հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական Հայաստանի համար տարվող պայքարը գրեթե հավասարվում է ընդդեմ Սերժ Սարգսյանի, ընդդեմ Մաքսային միության, «ընդդեմ ավագ սերնդի» պայքարի` համեմված երիտասարդական լայն ստեղծագործականությամբ:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here