տուն Լուրեր Բլոգ Զորավարներն ու երիտհանրապետականները Տարոն Մարգարյանի հանձնաժողովում

Զորավարներն ու երիտհանրապետականները Տարոն Մարգարյանի հանձնաժողովում

363
0
երեւանի-քաղաքապետարան1Տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ լայնածավալ պայքարի արդյունքում հարկադրված որոշման կասեցումից հետո Տարոն Մարգարյանի նախաձեռնած Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի քննարկման հանձնաժողովն արդեն ձևավորվել է։

 

Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, որի պաշտոնանկության պահանջով շուրջ երկու ամիս նստացույց են անում մի շարք քաղաքացիներ։ Մինչդեռ օգոստոսի 29-ին տրված հարցազրույցում նա ասել էր, թե չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին. փաստորեն ստել էր։

 

Հիշեցնենք, որ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել և վիրավորել էր երկու լրագրողի, նրա որդին կանգառներում խոչընդոտել էր ակցիաների իրականացումը, հայհոյել էր քաղաքացիներին, մյուս որդին թքել էր քաղաքապետարանի մոտ նստացույց իրականացնողների մեքենաների վրա, հայհոյել և սպառնացել էր։ Ի դեպ, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում ուղևորափոխադրող ընկերություններից մեկը, հետևաբար, նման անձի մասնակցությունը նման հանձնաժողովում առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր և անվստահություն այդ հանձնաժողովի նկատմամբ։ Սրանից զատ, տեղեկություններ կան, որ ստվերային հոսքերը (ամիսը 16000 յուրաքանչյուր մեքենայից, յուրաքանչյուր վարորդից գանձվող 500 դրամ ապօրինի վճարները դիսպետչերներին) իրականացվում են նույն Հենրիկ Նավասարդյանի միջոցով։

 

Նույնիսկ այս մի չինովնիկի առկայությունը այդ հանձնաժողովում լիակատար հիմքեր է տալիս կասկածի տակ դնելու հանձնաժողովի կայացրած որոշումները, սակայն տեսնենք, թե էլ ովքեր են հանձնաժողովի կազմում։

 

Գևորգ Մելքոնյան՝ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ, բոլորին հանրահայտ «զորավարը», որը «ախալքալաքցիների»  զորքերն էր քաշում առաջ՝ ընդդեմ հետընտրական շրջանի դասադուլի։ Սրանք նույն Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ ստեղծում էին բախումնային իրավիճակներ, վիրավորում էին դասադուլի մասնակիցներին։ Երևի Տարոն Մարգարյանը ցանկություն ունի սակագնի բարձրացման դեպքում այդ նույն զորքի միջոցով կանխել ակցիաների իրականացումը Երևանի փողոցներում և հնարավոր դասադուլները։

 

Րաֆֆի Քարամյան՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսխորհուրդները վերածվել են Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցների և չեն ներկայացնում ուսանողների շահերը։ Րաֆֆի Քարամյանը, Գևորգ Մելքոնյանի հետ միասին, երևի «կբարձրաձայնի» ուսանողության խնդիրների մասին, և Տարոն Մարգարյանն ու մյուս գծատերերը գերշահույթից մի փոքր կզիջեն՝«հօգուտ» ուսանողների։

 

Այսօր տրված հարցազրույցում Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը կարծես թե բացահայտել է այս հանձնաժողովի ստեղծման բուն նպատակը. «…եթե այդ հանձնաժողովը կարողանա լավ աշխատել, նա կգտնի այն բացատրությունը…»: Փաստորեն, հանձնաժողովի նպատակը ոչ թե լուրջ մասնագիտական քննարկման արդյունքում սակագնի օպտիմալ տարբերակի ընտրությունն է, այլ արդեն իսկ կայացված և ժամանակավորապես կասեցված որոշմանը բացատրություն գտնելը։

 

Հետագայում կներկայացնենք նաև այս հանձնաժողովի այլ անդամների մասին մանրամասն և ոչ այնքան հուսադրող տեղեկություններ։

 

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here