ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ասաց, որ Զինված ուժերում իրավիճակը վերահսկելի է: Վարակակիր զինծառայողների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից են, նրանք, ովքեր օրենսդրությամբ հնարավորություն ունեն ելումուտ անելու զորամասեր։ Մի քանի դեպքեր եղել են նաեւ ժամկետային զինծառայողների շրջանում, սակայն նրանք բուժվել են։
Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատներին եւ ծնողներին, քանի որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք այսօր մտցվել են արձակումների եւ արձակուրդների հետ կապված։
«Անհանգստանալու կարիք չկա, կարեւորը Զինված ուժերի մարտունակության եւ մարտական պատրաստվածության վրա դա չի ազդել։ ԶՈՒ-ի պատրաստության պլանով բոլոր միջոցառումներն անխտիր իրականացվում են»,- հայտարարեց Բալայանը։