տուն Լուրեր Երեկ Ազատության հրապարակում բացի ոստիկաններից և Շանթ Հարությունյանի կողմնակիցներից, եղել է նաև...

Երեկ Ազատության հրապարակում բացի ոստիկաններից և Շանթ Հարությունյանի կողմնակիցներից, եղել է նաև երրորդ կողմ

270
0

Ruben

Ինչպես գիտենք երեկ Ազատության հրապարակում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը կազմակերպել էր երթˋ հեղափոխության կոչերով, որը, սակայն, բախումների հետևանքով ընդհատվել է: Երեկվա միջադեպի մասին Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

«Այն ինչ արեց Շանթ Հարությունյանը՝ դա անկեղծ ընդվզում էր ընդդեմ բարքերի, այն, ինչ որ տիրում է ՀՀ-ում, դա ահազանգ է, ահազանգ է ուղղված թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ հասարակությանը, որ այսպես այլևս ապրել չի կարելի: Իհարկե, այդ արարքները, այդ գործողությունները, որոնք երեկ տեղի ունեցան, այն հայտարարությունները, որոնք անում էր Շանթ Հարությունյանը, գուցե դրանք քրեական օրենսգրքի հետ մտնում են հակասության մեջ, բայց դա Շանթ Հարությունյանն արել է գիտակցաբարˋ թե ինչի է գնում և հանուն ինչի է գնում: Ի վերջո, հաշվի առնելով իրավիճակը փոփոխելու, և աննորմալ իրավիճակը նորմայի բերելու բոլոր միջոցների սպառված լինելը, նա դիմեց ծայրահեղ քայլի, բայց ես տեսնում եմ, որ իր մոտիվները բոլորովին անկեղծ են: Մյուս կողմից էլ, դիտելով լրահոսում առկա տեսանյութերը, չեմ կարծում, որ այդ ֆիզիկական բախումները, որոնք տեղի ունեցան, դա հենց իր մտահաղացումն էր, այնտեղ, այնուամենայնիվ, իմ տպավորությամբ, երրորդ կողմ կար, ում պետք էր, որպեսզի հենց Ազատության հրապարակի մատույցներում լինեն այդ բախումները, և այդ կողմը հաստատ Շանթը չէր»,-նշել է Ռուբեն Մեհրաբյանը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցինˋ ինչ հետևանքներ կարող է ունենալ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը, փորձագետը պատասխանել է.«Ես դժվարանում եմ ասել, թե ինչ հետևանք կունենա, ես կուզեմ ասել, թե ինչ հետևանք կուզեի, որ լիներ:
Ես կուզեի, որ իշխանությունն, այնուամենայնիվ, սթափվեր, վերջ տար այդ ցինիզմին, որը նա դրսևորում է ամեն քայլափոխին, այն արհամարհանքին, որ նա ամեն քայլափոխի դրսևորում է թե՛ պետության, թե՛ հանրության նկատմամբ, ես կուզեի, որ ընդդիմությունն իր այս փարիսեցիությունը դներ մի կողմ, իր այս մտքի ծուլությունը դներ մի կողմ, ի վերջո մի հատ նորից նայեր բառարանում, թե ինչ էր նշանակում ընդդիմություն և մի հատ էլ վերադառնար այն գրքերին, որտեղ գրած է, թե ընդհանրապես ինչով են զբաղված մյուս երկրներում ընդդիմադիր ուժերը, երրորդն էլ կուզեի, որ հասարակությունն աներ այն եզրակացությունը, որ այո, այսպես ապրել չի կարելի, սա հանդուրժել այևս չի կարելի: Հասարակությունը պետք է ի վերջո ոչ թե ոտքերով իր վերաբերմունքը ցույց տաˋերկիրը թողնելով, այլ տեսնի, որ սա հենց մեր հայրենիքն է և ջանքերով ստիպի թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը՝ կատարել հենց իրենց աշխատանքը, որի համար մեկը կոչվում է իշխանություն, մյուսը ընդդիմություն»,-նշել է փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով Շանթ Հարությունյանը այն պատասխանատու մարդն է, որը լավ գիտի, թե ինչ է անում: Ըստ փորձագետի, Շանթ Հարությունյանն իր վրա վերցրել է շատ ծանր բեռ և մաղթլ է վերջինիս համբերություն, տոկունություն և առողջություն:Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով Շանթ Հարությունյանի երեկվա արած քայլը մեծ և ցնցումային փոփոխություն կմտցնի.«Ծայրահեղ հուսահատ, բայց այնուամենայնիվ քայլ էր»,-նշել է Մեհրաբյանը: Վերջինս կոչ է արել այն մարդկանց, ով երեկվա կատարվածին փորձում են, ինչպես ինքն է նշել, քաղքենիական գնահատականներ տալ.«Նախ իրավական հարթությունը թողնենք իրավապահներին, բայց այդ քննադատողներին ես կոչ կանեմ, որ եթե դու ոչինչ չես անում, ուրիշի արածը մի քննադատիր: Մի քիչ ավելի պարկեշտ թող գտնվեն և մի քիչ ավելի խոհեմ իրենց գնահատականների մեջ»: Ռուբեն Մեհրաբյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հարկ է նշել անդրադառնալ նաև երեկ Ազատության հրապարակում ոստիկանության ստորաբաժանումներից մեկի համազգեստի վրա ռուսատառ «спецназ» գրածին.«Ես բավականին մտահոգիչ բան տեսա երեկվա տեսանյութերում, դա այն էր, որ մեր ոստիկանական ստորաբաժանումներից մեկն արդեն սկսել է իր համազգեստի վրա ռուսերեն տառերով спецназ գրել: Ես ուղղակի կոչ կանեմ, որ այդ  կառույցը ստորացուցիչ քայլի չդիմի: Ի վերջո համազգեստի հազար ու մի ձև կա, ձեռնպահ մնացեք այդ ռուսերեն գրվածքներից»,-զրույցն եզրափակել է Ռուբեն Մեհրաբյանը:
Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here