Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի միջնորդության դեմ առարկեց:
Սերյան Օհանյանի պաշտպանը հիշեցրեց, որ 2019 թվականի օգոստոսի 28-ին ներկայացրել է քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդություն, որը չի քննվել:
Պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ իր այդ միջնորդության քննությունը ամենայն հավանականությամբ պետք է տեղի ունենար այսօրվա դատական նիստին, սակայն դատախազները դա թույլ չտալու համար ներկայացրին քննարկվող միջնորդությունը:
«Ընդ որում, մեղադրողները որպես իրավունքի չարաշահում են դիտարկում, օրինակ, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պարոն Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, որը, ի դեպ, բավարարվել է Վերաքննիչ դատարանի կողմից, եւ պարոն Քոչարյանն ազատ է արձակվել»,- ասաց պաշտպանը:
Սերյան Օհանյանի պաշտպանն ասաց, որ իր միջնորդության տեքստը կներկայացնի, որպեսզի դատարանը գնահատի:
Բայց դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ միջնորդության տեքստը կհրապարակի այն ժամանակ, երբ դատարանը կանցնի այդ միջնորդության քննությանը։
Պաշտպան Կարեն Մեժլումյանն ասաց, որ եթե դատարանը բավարարի դատախազների միջնորդությունը, դրանով գնահատական կտա նաեւ իր միջնորդությանը՝ չիմանալով դրա տեքստը։
Դատավոր Դանիբեկյանը կրկնեց, որ նախքան դատախազի կողմից ներկայացված միջնորդության լուծումը չի պատրաստվում այլ միջնորդությունների անդրադառնալ, ինչին արձագանքելով՝ պաշտպանն ասաց․ «Ես ընդամենը տեքստ եմ հրապարակում»։
Դատավորը դարձյալ կրկնեց, որ դա անել թույլ չի տալիս․ «Ես ցանկանում եմ դատարանին համոզել, որ դուք մերժեք մեղադրողների միջնորդությունը»,- ասաց պաշտպանը։ Դատավորն առաջարկեց հիմնավորումները ներկայացնել առանց միջնորդության տեքստը հրապարակելու, ինչին պաշտպանը դարձյալ չհամաձայնեց․
«Որպեսզի իմ առարկությունը հիմնավորված լինի, ես պետք է ցույց տամ, որ միջնորդությունը, որը, ըստ դատախազների, իրավունքի չարաշահմամբ է իրականացվում, ամենեւին էլ չարաշահում չէ, որ իմ միջնորդությունը չի կարող մերժվել»։
Աննա Դանիբեկյանն ասաց, որ եթե պաշտպանը հրապարակի տեքստը, ստիպված է լինելու սահմանափակել վերջինիս իրավունքները. «Եթե ունեք այդպիսիք, ներկայացրեք, եթե պետք է հրապարակեք ձեր միջնորդությունը, ձեր ելույթը կսահմանափակվի»,- ասաց նա։
Ի վերջո, Կարեն Մեժլումյանն սկսեց ներկայացնել իր հիմնավորումներն այն մասին, որ իր միջնորդությունը ոչ միայն իրավունքի չարաշահում չէ, ինչպես դատախազներն են պնդում, այլեւ իր՝ որպես պաշտպանի ուղիղ պարտականությունն է։