տուն Տնտեսական Ե՞րբ սպասել ղազախական բենզինի մուտքը հայկական շուկա. պարզաբանում

Ե՞րբ սպասել ղազախական բենզինի մուտքը հայկական շուկա. պարզաբանում

319
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը հայտարարել է, որ հայկական կողմը համաձայնել է բենզին ներկրել Ղազախստանից, ինչի արդյունքում ակնկալում է գների նվազում արձանագրել:

Այս առնչությամբ Araratnews.am-ը պարզաբանում ստացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հարցին, թե ինչ մակարդակով են իրականացվել բանակցությունները և ինչ փուլում են դրանք այժմ, գերատեսչության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը պատասխանեց.

«Խոսքը Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատա­կարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» միջազգային պայմանագրի նախագծի մասին է, որը վերաբերում է փոխադարձ ինդիկատիվ դրույքաչափերի և հաշվեկշռի սահմանմանը: Այն հնարավորություն կտա մատակարարներին նավթամթերք ներկրել առանց մաքսատուրքերի»։

Նախարարության ներկայացուցչի խոսքով, այս հարցի շուրջ բանակցություններ սկսվել են դեռևս անցած տարի՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Գարեգին Բաղրամյանի` Ղազախստան այցի ժամանակ։ Ինչ վերաբերում է ներկրման ժամկետներին, Արմինե Մուրադյանը նշեց, որ ներկայումս նախագիծը շրջանառվում է աշխատանքային տարբերակով, ուստի վերջնական համաձայնության ու ժամկետների մասին վաղ է խոսել։

Դիտարկմանը՝ արդյո՞ք այլընտրանք չի եղել, ինչո՞ւ է ընտրությունը կատարվել հենց Ղազախստանի բենզինի օգտին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղարը հավելեց.

«Հատուկ ընտրության խնդիր դրված չի եղել, շուկայի թելադրանքով պայմանավորված՝ ցանկացած ապրանքի, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսների դեպքում առավել ցածր գնով ներկրելու առաջարկը մշտապես կարող է այլընտրանք լինել»: