տուն Տնտեսական «Դուինգ բիզնես 2020»-ի նոր զեկույցը՝ թեժ քննարկումների թեմա

«Դուինգ բիզնես 2020»-ի նոր զեկույցը՝ թեժ քննարկումների թեմա

356
0

2019 թ. հոկտեմբերի 24-ին Համաշխարհային բանկի հրապարակած «Դուինգ բինզես 2020» թվականի զեկույցը, ըստ որի՝ Հայաստանն ընդհանուր ռեյտինգում հետընթաց է արձանագրել, դարձել է իրարամերժ գնահատականների և թեժ քննարկումների թեմա:

Հարցին՝ կառավարության երեկվա նիստում անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի առնչությամբ որոշ պարզաբանումներ տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով, գրանցվել է ոչ թե վարկանիշային, այլ դիրքային հետընթաց: Նախարարը մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանը նախորդ տարվա համեմատ աարձանագրել է առաջընթաց՝ մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքում:

Ինչ վերաբերում է Doing Business 2020-ի զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը 6 կետով նահանջ է արձանագրել, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը բացատրեց Համաշխարհային բանկի նոր մեթոդաբանությամբ, որի հետևանքով նվազել է Փոքր ներդրողների/փայատերերի պաշտպանության (Protecting minority investors) միավորը:

Անդրադառնալով տվյալ զեկույցին՝ ֆեյսբուքյան օգտատերերից Վահրամ Միրաքյանը հարցը դիտարկել է այլ լույսի ներքո: «Եթե խոսում ենք ներդրումային գրավչության, ներդրումների կազմակերպման մասին, պետք է սկսել էս ցուցակում առաջ գալու օրենսդրական բարեփոխումներից, թե չէ ինչքան էլ խոսենք, մեկ ա՝ ոչ մեկ չի գալու ներդրումներ անի։ Ավելի ճիշտ՝ կգան, միայն, եթե անձնական երաշխիքների կամ ռոմանտիկայի պատճառով»,-գրել է մարքեթինգի գծով փորձագետը։ Նա վկայակոչել է ՌԴ-ի օրինակը և նշել, որ Վլադիմիր Պուտինը էկոնոմիկայի նախարարության առաջ կոնկրետ խնդիր է դրել, որ «Դուինգ բիզնես» ցուցակում Ռուաստանը բարելավի իր դիրքերը, ինչն այժմ իրականություն է:

«Էկոնոմիկայի նախարարության գլխավոր խնդիրը պետք է լինի էսպիսի ռեյտինգներում Հայաստանի դիրքը բարելավել, ինչը կատալիզատոր կդառնա մնացած պրոցեսներին ու բիզնեսների զարգացմանը, արդյունքում կարիք չի լինի ներդրողների հրավիրել, իրենք առանց դրա կգան, քանի որ ներդրողի խնդիրը փող աշխատելն է հնարավորինս կանխատեսելի միջավայրում»,- շեշտել է Միրաքյանը։ Ի պատասխան Վահրամի քննադատության՝ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Գոռ Ծառուկյանը, հակադարձել է, թե հենց հիշատակված մինորիտար ներդրումների պաշտպանության մասով զուտ մեթոդոլոգիայի փոփոխություն է եղել, ինչի հետևանքով Հայաստանի միավորները 0-ացվել են:

«Այսինքն՝ միավորը իրականում միջին մակարդակի է, բայց քանի որ բորսայում ընդամենը 3 ընկերություն ունենք, միավորները սառեցվել են: Ու դրա պատճառով էլ էսքան հետ ենք ընկել ընդհանուր հաշվում: Չեմ ասում, թե վիճակն իդեալական է, բայց էս դեպքում զուտ մեթոդոլոգիայի խնդիր կա: Բայց անելիքներ իրոք շատ կան բաժնետիրական շուկայի զարգացման գործում»,- գրել է Գոռ Ծառուկյանը: Նրա մեկնաբանությանն արձագանքելով՝ Վահրամ Միրաքյանը պնդել է, որ ոչ մի ներդրողի նման արդարացումը չի հետաքրքրում, քանի որ երբ ծանոթանում է տվյալ երկրին, կարևորում է հենց այդ պետության դիրքը:

Ի դեպ, համաշխարհային պրակտիկայի առումով հետաքրքրական է Ռուանդայի օրինակը. 20 տարի առաջ ցեղասպանության ենթարկված, որի հետևանքով սպանվել է շուրջ մեկ միլիոն մարդ, ծայրահեղ աղքատությունից Ռուանդան ներկայում աշխարհի ամենաարագ զարգացող 5 պետությունների թվում է։ Հատկապես ուշագրավ է, որ այդ երկրի բնակչությունը վերջին երկու տասնամյակներում կրկնապատկվել է՝ 6 մլնից դառնալով 12 մլն: Սա մի կողմից մեզ համար կարող է կարևոր հետևությունների համար լավ օրինակ լինել, մյուս կողմից՝ ազդակ՝ առավել կենսունակ դարձնելու մեր երկրի տնտեսությունն ու ներդրումային ներուժը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here