տուն Հասարակություն Բժիշկ Դժվար է, երբ զավակիդ տեսնում ես միայն դրսից. բացառիկ հարցազրույց բժիշկ-վարակաբան Աշոտ...

Դժվար է, երբ զավակիդ տեսնում ես միայն դրսից. բացառիկ հարցազրույց բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանի հետ

964
0

Հայրենիքն սկսվում է սահմանից։ Թերևս պետք է նկատել, որ այս օրերին Հայրենիքի սահմանն է նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, ու առաջնագծում պայքարող բուժաշխատողներն են։

Առաջամարտիկներից է բժիշկ Աշոտ Պապիկյանը։ Համաճարակի էպիկենտրոնում գտնվող բժիշկն իր և ամբողջ թիմի աշխատանքը համեմատում է ապրիլյան պատերազմի հետ։ Լիահույս է, որ ինչպես քառօրյա պատերազմում, այնպես էլ կորոնավիրոսի դեմ պայքարում հաղթանակած ենք դուրս գալու. «Ես միշտ համեմատում եմ այս օրերին բժիշկների աշխատանքը ապրիլյան պատերազմի հետ: Կարծես պատերազմի շարունակությունը լինի: Այս պատերազմում մենք միանշանակ հաղթող ենք լինելու: Մեր համախմբված աշխատանքի շնորհիվ մեր չարչարանքը  հաստատ արդյունավետ է լինելու: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը գիտակցի պահի լրջությունը: Հասկանում եմ` դժվար է, մարդիկ հացի խնդիր են լուծում, ապահովված չեն ֆինանսապես, ընդունում եմ` խնդիր կա, բայց մեզ պետք է օգնեն և շփումները հնարավորինս քչացնեն»:

Աշոտը 21 տարի ՀՀ ԶՈւ և ՊԲ տարբեր զորամասերում զինվորական ծառայությունն անցկացնելուց հետո էլ վաստակած հանգիստը փոխարինել է կրկին Հայրենիքին և իր ժողովրդին ծառայելու ազգանվեր ու անձնուրաց գործով։

Իրավաբանի ընտանիքում մեծացած ռազմական բժիշկը մասնագիտության ընտրության մասին ժպիտով է հիշում. «Բժիշկ դառնալը, այն էլ ռազմական բժիշկ, պատահական ստացվեց: Որ ասեմ շատ եմ սիրել բժշկի մասնագիտությունը` սուտ կլինի: Մանկուց հորս` իրավաբանի աշխատանքը տեսնելով նախ ոստիկանությունում, հետո Ազգային անվտանգության ծառայությունում, միշտ մտածում էի, որ նրա գործը պիտի շարունակեմ, բայց հենց իր հորդորով չդարձա իրավաբան: Ու այսօր չեմ ափսոսում, որ բժիշկ եմ»:

Աշոտ Պապիկյանը զորացրվելուց հետո էլ հեռու չի գնաgել բանակից: Կարճ ժամանակ անց նշանակվեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի զինվորական բաժանմունքի վարիչ. «Ճիշտն ասած, երկու ամիս է, որ նշանակվել եմ  զինվորական բաժանմունքի վարիչ, որովհետև մինչ այդ ծառայել եմ պաշտպանության նախարարությունում` 21 տարի: Ծառայությունն ավարտելուց հետո անցել եմ կենսաթոշակի, այնուհետև, փետրվարի 11-ից նշանակվել եմ «Նորք» ինֆեկցիոնում` զինվորական  բաժանմունքի վարիչ, և իմ նշանակումը համընկավ կորոնավիրուսի էպիդեմիայի հետ»:

Վարակաբան Աշոտ Պապիկյանը Հայաստանում հաստատված վիրուսի առաջին դեպքերից հետո տուն չի գնացել: Ինչպես ինքն է ասում`հանրային առողջությունն ամենակարևորն է: Բժշկի մտահոգությունն այս պահին տանն սպասողներն են ու անտանելի կարոտը`հատկապես որդու` Վահագնի կարոտը. «Առաջին հաստատված դեպքերից հետո, արդեն տևական ժամանակ է, որ տանը չեմ եղել: Մի քանի անգամ  փորձել եմ գիշերվա ուշ ժամին կամ առավոտյան մինչև աշխատանքի անցնելը գնալ ընտանիքիս տեսնել, բայց ավելի է ազդել վրաս այդ ամենը, երբ տղայիս միայն պատուհանից եմ կարողանում տեսնել. հասկանալով, որ շփում ունենք նման հիվանդների հետ` պահպանում ենք անվտանգության կանոնները, չենք շփվում մեր ընտանիքների հետ: Եթե սկզբնական շրջանում մեկ-մեկ գնում, հեռվից տեսնում էի, հիմա դա էլ չեմ անում, դժվար է, երբ զավակիդ տեսնում ես միայն դրսից, չես կարողանում գրկել, շփվել, համբուրել:

Լուսանկարը՝ Sputnikarmenia-ի

Ճիշտն ասած, լինելով զինվորական բժիշկ, իմ կյանքում հաճախ է եղել, որ օրերով տանը չեմ եղել, քանի որ ծառայության բնույթն է այդպիսին եղել: Կինս պատմում է, որ վերջերս տղաս` Վահագնը, ասել է. «Ինչ անեմ, կեղտոտ մառոլ ուտե՞մ, մամ, որ  փորս ցավա, գնամ հիվանդանոց պապային տեսնեմ»: Այս դիպվածը շատ է հուզել ինձ»,- անկեղծանում է բժիշկը:

Այսօր, երբ իր գործընկերների հետ զօրուգիշեր կենաց մահու կռիվ են մղում համաճարակի դեմ, բժիշկ Պապիկյանը վստահեցնում է, որ իրենց թիմի համախմբված աշխատանքն անկասկած արդյունք է տալու. «Ահագին ժամանակ է, որ ամբողջ հիվանդանոցի անձնակազմը` տնօրենի ղեկավարությամբ, գամված ենք այս գործին, փորձում ենք, որ մեկ րոպե շուտ ավարտվի այս ամենը: Ուզում ենք մի վայրկյան շուտ այս ամենը վերջանա, բոլորս վերադառնանք մեր նորմալ առօրյա կյանքին:

…Իմ գործընկերների աշխատանքը ամենաբարձր գնահատվող ցուցիչով եմ գնահատում: Բոլորն իրենց աշխատանքը ազնվորեն ու անձնվեր են կատարում: Ես տղամարդ եմ, հասկանում եմ, որ իմ խնդիրները լրիվ ուրիշ են: Կանայք կան մեզ մոտ` բժիշկներ, մայրապետեր, բուժքույրեր, որոնց համար ավելի դժվար է: Թողնելով տանը իրենց հարազատներին, երեխաներին` կին բուժանձնակազմը մեզ հետ հավասար գամված է աշխատանքին և 24 ժամ իրենց ազգանվեր գործն են կատարում»:

Բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանին թագավարակն ու հիվանդների ավելացող քանակը չեն վախեցնում: Հավաստիցնում է` իրավիճակը վերահսկելի է. «Խուճապ չի եղել երբևէ, որովհետև մեզ համար սա նորություն չէ: Մենք էլի դժվար իրավիճակներ ենք ունեցել, օրինակ՝  H1N1-ի ժամանակ: Եվ բժիշկը իր էությամբ հաստատ պատրաստ է ցանկացած վիրուսի, ցանկացած էպիդեմիայի պարագայում իր հիվանդների կյանքը փրկելու: Բժիշկը կյանքում խուճապի չի մատնվում`հիվանդություն է, պետք է համախմբված թիմով աշխատել և հաղթել:

Իրավիճակը միանշանակ վերահսկելի է, եթե հանրությունը մեզ հասկանա, մեր հորդորին ականջալուր լինի, մեզ օգնի` միանշանակ կարող ենք պայքարել և հաղթել: Ճիշտ է, ոչ ոք չի կարող ասել, թե համաճարակն ինչքան կտևի, բայց, իմ կարծիքով, եթե մենք հետեւենք բոլոր կոչերին, պահպանենք հիգիենայի կանոնները, գիտակից լինենք, հասկանանք, որ պետք է շփումները բացառենք, որովհետև հիվանդներ կան, որ կարող են անախտանիշ լինել, և ամենևին պարտադիր չէ, որ մարդը ջերմության  բարձրացում ունենա, հազ և այլն: Պացիենտներ կան, ասում  են` ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց իրականում վարակված են։ Միայն նմուշառումից հետո է ի հայտ եկել կորոնավիրուսը, որևէ ախտանշան չեն ունենցել»:

Համաճարակի օրերին հասարակության գիտակցության մեջ բժիշկ և բուժաշխատող բառերը նոր իմաստներ ստացան: Վարակաբան Աշոտ Պապիկյանը շատ է կարևորում մարդկանց կարծիքը, քանի որ բժշկի համար ամենաթանկը նրանց բարձր գնահատականն է:

«Իսկապես այս օրերին մարդկանց վերաբերմունքը է՛լ ավելի լավացավ բժիշկների նկատմամբ: Մինչ համաճարակը կարող է մարդիկ մի տեսակ թերահավատ են եղել, ուրիշ կերպ են նայել, բայց, հետևելով մամուլին, տեսնում ենք, որ բժշկի և բուժաշխատողի դերը սկսվեց էլ ավելի գնահատվել: Բոլոր բուժհաստատությունները տաժանակիր աշխատանք են տանում, բայց ծանրության առյուծի բաժինը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վրա է, որովհետև առաջին իսկ օրվանից մեր թիմը գերծանրաբեռնված ու կարգապահ է եղել: Բժշկի համար, հատկապես այս ընթացքում բոլոր օրերն էլ դժվար են ու բարդ:  Բժիշկը, տեսնելով հիվանդի դրական դինամիկան, կուրախանա, իսկ  բարդացումների, ծանրացումների դեպքում` կտխրի:

Ոչ մի բժիշկ չի ցանկանա՝ հիվանդի մոտ բացասական դինամիկա լինի ու աշխատանքային օրը նման կերպ ավարտվի: Բայց  ցավոք սրտի` նման օրեր էլ են լինում: Հիվանդների մոտ, բնականաբար, լինում է խուճապ, բայց բժիշկները նախ առաջին հերթին լինելով վարակաբան, երկրորդ հերթին հոգեբաններ են, ու հիվանդների հետ սերտ շփումը, բացատրելը, թե ինչ հիվանդություն է, որոշակի ինֆորմացիա բուժման ընթացքի մասին տրամադրելով՝ մեղմվում է խուճապը»:

Բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը մեկն է այն հարյուրավորներից, ովքեր կայծակնային արագությամբ մեր երկիր ներխուժած վիրուսի դեմ պայքար են մղում: Որպես հավաքական կերպար՝ բժիշկը կրկին վստահեցնում է, որ մենք միասնական պետք է հաղթենք համավարակին և օգնենք բժիշկներին հասնել դրական արդյունքի: Իսկ բժշկի համար լավագույն գնահատականը կլինեն կրկին փողոցներում քայլող առողջ քաղաքացիները.

«Մեր՝ բժիշկներիս կատարած աշխատանքի գինը առողջացող հիվանդներն են: Նրանց աչքերում պետք է տեսնենք առողջացած հիվանդի ժպիտը: Ինձ համար դա ամենակարևոր շնորհակալությունն է կյանքում»:

Հայկ Մագոյան