տուն Քաղաքական Վերլուծական Դասախոսները՝ բուհերում հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդման մասին

Դասախոսները՝ բուհերում հայոց լեզվի և հայոց պատմության դասավանդման մասին

594
0

Հանրությունն ու մասնագիտական շրջանակներն այս օրերին ակտիվորեն քննարկում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթները: Ըստ որոշ լուրերի՝ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր չի լինի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը: Անդրադառնալով բարձրացված աղմուկին և խնդրո առարկային՝ AraratNews.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ Մարիամ Ալիխանյանի, ՀՊՄՀ Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոս Նելլի Պետրոսյանի, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Անահիտ Մկրտչյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ եթե աշակերտները հայ ժողովրդի պատմությունը դպրոցում անցնում են, նույն բանը բուհում անցնելը ճիշտ չէ: Բացի այդ, դպրոցում 12 տարի հայոց լեզու և հայ գրականություն են անցնում ու այդ առարկայից միասնական քննություն հանձնում: Ավելի լավ է, դրա փոխարեն անցնեն մասնագիտական, գիտական աշխատանքներ գրելու հմտություններ»,- նշեց Մարիամ Ալիխանյանը, հավելելով, որ այդ հմտությունների հետ կապված բառապաշարն ապագա ուսանողները դպրոցում չեն ուսանում:

«Շատ-շատերը հայոց պատմությունն ավելի լավ են յուրացնում բուհում: Հիմա հումանիտար ուղղվածությունը դեպի անկում է գնում»,- նկատեց ՀՊՄՀ Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դասախոս Նելլի Պետրոսյանը, նշելով նաև որ քիչ չեն այն ուսանողները, որոնք հայոց լեզուն ու հայ ժողովրդի պատմությունը դպրոցում գերազանց յուրացնում են, և այդ առարկաները համալսարանում նրանց համար «խաղուպար» է դառնում: Այդ ամենի հետ մեկտեղ Նելլի Պետրոսյանը համարում է, որ առավել նախընտրելի տարբերակն առարկաների ոչ խորությամբ դասվանդումն է:

ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Անահիտ Մկրտչյանի համոզմամբ, հայոց լեզուն առանց այն էլ ուսանողների մոտ վատ վիճակում է:Ուստի դեմ է, որ մայրենի լեզվի ուսուցումը կամընտրական դառնա, կամ էլ առհասարակ հանվի կրթական ծրագրերից: Միևնույն ժամանակ Հայոց պատմության դասավանդման դադարեցմանը Մկրտչյանը կողմ արտահայտվեց:

ԵՊԲՀ մեկ այլ դասախոսի համոզմամբ (չցանկացավ, որ իր անունը հրապարակվի), հայոց լեզվի կամ հայոց պատմության դասավանդումը Բժշկական համալսարանի ուսանողների ծանրաբեռնվածությունը չի մեծացնում, քանի որ վերջիններն այդ առարկաներից միայն ստուգարք են հանձնում:

«Իրենց որ մնա, ոչինչ էլ չեն սովորի՝ անգամ մասնագիտական առարկաները: Իրենք միայն ուզում են արագ դիպլոմ ստանան ու բարձր աշխատավարձով աշխատանք գտնեն: Ծնողները Բժշկական համալսարան ընդունվել պատրաստվող երեխային ասում են, որ միայն քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն դպրոցում սովորի»,- հավելեց ԵՊԲՀ դասախոսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here