տուն #Գործիցդուրս «Գործից դուրս»՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանն է

«Գործից դուրս»՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանն է

642
0

Հրաժարվել եմ գործիք դառնալ պիեսի ձեռքին

Գործից դուրս արտառոց ոչինչ չի անում: Ապրում է սովորական մարդկանց նման:   Ազատ ժամանակն էլ  բալիկի հետ է անցկացնում:

Դուք տաղանդավոր եւ սիրված դերասանուհի եք, զբաղված եք բազմաթիվ ներկայացումներում: Երկրում հայտարարվ արտակարգ դրությունը ինչպե՞ս է անդրադառնում Ձեր զբաղվածության վրա:

Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Կարծում եմ, որ այս համաշխարհային համաճարակը եկել է մեզ ցույց տալու, որ հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում: Աստծո կամքն է: Եվ պետք է հասկանալ, որ գուցե սա հնարավորություն է վերանայելու, թե ինչպես ենք ապրում: Կյանքն այնպիսի արագությամբ էր առաջ գնում, որ չէինք հասցնում մի պահ կանգ առնել, մտածել, դատողություններ անել: Գուցե այս փորձությունը մի հնարավորություն է մարդկության համար վերաիմաստավորելու մեր քայլերը` տեսնելու համար, թե ինչ ենք արել: Ի վերջո, գիտության զարգացումը չի կարող պատասխանել բազմաթիվ հարցերի հենց մարդու մասին:

Բեմ, տեսախցիկներ, հանդիսատես: Ինչպիսի՞ն է Ձեր  կյանքն առանց այս երեք գործոնների:

Մասնագիտությունը ինքնանպատակ չէ: Կարևոր չէ լինել բեմի վրա կամ տեսախցիկների առաջ: Կարևորը դիալոգն է մարդկանց հետ: Ի վերջո մեր մասնագիտությունը գիտություն է կյանքի մասին` մարդագիտություն է: Ու այդ առումով մենք` դերասաններս, կյանքում ավելի հստակ տեսնում ենք այն ամենը, ինչի մասին շատ հաճախ խոսում ենք բեմից:

Նոր իրողությունների Հայաստանում դերասանի կյանքում և հատկապես ձեր կյանքում նշանակալից փոփոխություններ եղե՞լ են:

Նոր իրողությունների Հայաստանում մի շատ կարևոր վերաբերմունք է ձևավորվել թատրոնի հանդեպ: Եվ թատրոնը հայտնվեց գլխավոր դերում: Թատրոն սկսեցին գալ նախարարները: Վարչապետն ու մշակույթի նախարարն էին կարևորում թատրոնի դերն ու այն մասին բարձրաձայնում էին, ինչը հանդիսատեսին կանչում էր թատրոն: Գուցե թատրոնը լուսավորչական առումով շատ կարևոր դեր սկսեց կատարել պետության մեջ: Աշխարհի մակարդակով են ասում, որ թատրոն գալիս է բնակչության չորս տոկոսը միայն: Դե, դերասաններս էլ համակերպվել էինք, ինչ արած: Մենք շատ ենք սիրում մեր թատրոնը: Եվ այս նոր իրավիճակները Հայաստանում հետաքրքրասիրության նոր ալիք բարձրացրեցին թատրոնի նկատմամբ: Այս ամենը շատ ոգևորել էր մեզ: Մանավանդ, որ մեր թատրոնին նոր շենք է տրվելու, ինչն իսկապես ոգևորել է բոլորիս:

Այնպիսի տպավորություն է, որ Ձեր կերտած կերպարները հենց ձեր մասին են: Դերի ընտրությունն ինչպե՞ս է կատարվում: Կա՞ն դերեր, որ երբեք չեք համաձայնի կերտել:

Ինձ թվում է, որ ամեն մարդ միկրոկոսմոս է, և ամեն ինչ կա իր մեջ` չարից մինչև բարի ընկած բոլոր հնարավորությունները: Կարծում եմ, որ իմ կերտած դերերից մի մասնիկ կա ինձնից: Ու դերն ստանալուց հետո մտածում եմ, թե ռեժիսորն ինչպես է նկատել, որ իմ մեջ կերպարին բնորոշ գծեր կան: Եվ ամենևին կապ չունի՝ բացասական կերպար է, դրական, թե խստապահանջ: Պետք է խոստովանեմ, որ ամեն դեր իր հերթին կյանքի դաս է: Դերի շնորհիվ ես ինքս ինձ կողքից եմ տեսնում: Ի վերջո սա առողջության մասնագիտություն է:

Դերերի մասով պիտի ասեմ, որ եղել են դերեր, որ հրաժարվել եմ խաղալ, որովհետև ընդհանուր ստեղծագործության հետ իմ` Նարինե Գրիգորյանի ասելիքը չի համապատասխանել: Սերիալներում էլ դրա համար չեմ նկարահանվում, որորվհետև չեմ հասկանում` ինչ են ուզում ասել հանդիսատեսին, ուր են ուզում տանել: Թող ես լինեմ ամբողջ ներկայացման մեջ մասսայական տեսարաններից մեկում միայն, բայց իմանամ, որ այդ ամենը մի լավ տեղ է տանում հանդիսատեսին: Եթե պիեսի նպատակը, թեման չի համընկնում իմ աշխարհայացքի հետ, մերժել եմ դերը: Միշտ հրաժարվել եմ գործիք դառնալ պիեսի ձեռքին:

Դերասանուհի, դերասանի կին, մայր… Դժվա՞ր չէ այս երեք կարևորագույն դերերով ապրել միաժամանակ: Տանը երկու դերասանների «բախում» լինո՞ւմ է։

Կարծում եմ, որ կանայք բոլորն էլ շատ կարևոր դեր են ապրում կյանքում` դառնալով մայր, բազմազավակ մայր: Այդ առումով ես այդքան էլ չեմ տարբերվում նրանցից: Իմը մի բալիկ է: Կցանկանայի շատ երեխաներ ունենալ: Այդ ուժը, սերը ունեմ, պարզապես գործից դուրս շատ ավելի քիչ եմ լինում: Պետք է իրատես լինել: Ավելի լավ է մեկը լինի, որին կկարողանամ շատ սեր տալ: Իսկ այն, որ ամուսինս նույնպես թատրոնի մարդ է, ինձ միայն երջանկացնում է: Որովհետև ինքն ինձ համար ապավեն է, իմ թիկունքն է: Երբ թևաթափ եմ լինում, նա կարողանում է մասնագիտորեն ինձ ուշքի բերել: Իրականում ամուսնուս շնորհիվ է, որ կարողանում եմ այդ երեք կարևորագույն դերերով ապրել:

Դուք կին եք, որն անդադար աշխատանքային պրոցեսի մեջ է: Ձեր կարծիքով՝ այսօր պաշտպանվա՞ծ են կնոջ իրավունքները մեր հասարակությունում:

Երբեք չեմ կանգնել այնպիսի խնդիրների առաջ, որ իրավունքներս ոտնահարված լինեն: Սովորաբար ինձ որպես կին միշտ ընդառաջել, զիջել են: Ես հասկանում եմ, որ աշխարհում նման խնդիրներ իսկապես գոյություն ունեն: Քանի որ մասնագիտության առումով ինձ միշտ դիմացել, հանդուրժել, գնահատել են, միանշանակ պատասխան տալ չեմ կարող:

Եվ վերջում՝ ի՞նչ  սպասի հանդիսատեսը դերասանուհի Նարինե Գրիգորյանից առաջիկայում:

Առաջին հերթին կասեմ, որ, Աստծո կամոք, մոտ ապագայում կունենանք ֆիլմ, որը հիմա նկարահանման փուլում է: Այն հայ-ամերիկյան ֆիլմ է: Շատ հետաքրքիր խումբ է հավաքված: Ռեժիսորը միջազգային հեղինակավոր «Գոլդեն Գլոբ» մրցանակակիր ամերիկահայ Մայքլ Գյուրջյանն է: Իսկ թատրոնից կասեմ, որ տարին ամերիկյան է լինելու: Երկու նոր պիես կլինի Վուդի Ալենից և Ուիլյամ Գիպսոնից: Առաջինը բեմադրելու է թատերական ինստիտուտն ավարտող մի երիտասարդ, որպես դիպլոմային աշխատանք: Իսկ Ուիլյամ Գիպսոնի պիեսը բեմադրելու է Նիկոլայ Ծատուրյանը:

Մեր թատրոնի շենքի հետ կապված կարող եմ ասել, որ թատրոնի տանիքն արդեն փակել են: Շուտով կընթանան ներսի աշխատանքները: Կունենանք մեծ բեմ, փոքր բեմ: Այնպես որ՝ սրտատրոփ սպասում ենք նոր թատրոնի շենքում բեմադրություններին ու նոր դերերին:

Հայկ Մագոյան