Գլխացավը գանգի ու դրա խոռոչում առաջացած տհաճ ցավի զգացումն է, որի պատճառները տարբեր են լինում: Յուրաքանչյուր մարդ գեթ մեկ անգամ նման խնդիր իր կյանքում ունենում է ու այն թերապևտին, և գործնականում, բոլոր պրոֆիլների բժիշկներին դիմելու ամենատարածված գանգատներից մեկն է: Գլխացավը ոչ միայն հենց գլխի, այլև մյուս օրգանների (երիկամներ ու աղիքներ) հետ կապված խնդիր կարող է լինել: Այն տարբեր բնույթի ռեցեպտորների գրգռման և գլխուղեղին այդ գրգիռի փոխանցման հետևանքով է առաջանում: Այն կարող է մեխանիկական պատճառ ունենալ` հարված կամ էլ վնասվածք, քիմիական նյութի ազդեցությամբ առաջանալ, ինչպես նաև կարող է ջերմային, ֆիզիկական պատճառների ու թունավորման հետևանք լինել:
Լարվածության հետևանքով առաջացող գլխացավերը կարող են արտահայտվել երիտասարդ` սովորաբար, 30-ին մոտ տարիքում: Դրանք հանդարտ են ու տևում են մի քանի ժամից մինչև 2 օր և կապ չունեն ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ: Ընդ որում, ցավը երկկողմ կարող է լինել կամ տեղայնացած ծոծրակի շրջանում: Այն սեղմող կամ էլ ճնշող է լինում և չնայած սրտխառնուք կամ էլ փսխման երևույթ չի լինում, այնուամենայնիվ, հիվանդը կարող է հրաժարվել սննդից, զգայուն լինել լույսի, ձայնի նկատմամբ: Ու, սովորաբար նման ցավերը սաստկանում են տագնապային դեպրեսիայի դեպքում, կոֆեին ընդունելու հետևանքով:
Կլաստերային ցավը հաճախ տղամարդկանց մոտ է լինում, չնայած կանայք նույնպես զերծ չեն դրանից: Դա տառապագին ցավ է գլխի մի հատվածում, որից անգամ ինքնասպանություն գործելու ցանկություն է առաջանում: Սովորաբար այդ ցավը տեղայնացված է լինում աչքերի շուրջ կամ էլ քունքերի մոտ և կարող է տարածվել պարանոցի ու ծոծրակի վրա:
Ցավն առաջանում է հանկարծակի, նոպայանման բնույթ է ունենում և տևում է քառորդ ժամից մինչև 3 ժամ` առանց դադարի: Կրկնվում է օրական մի քանի անգամ, հատկապես գիշերը և տևում է մոտ մեկ ամիս:Նոպայի ժամանակ ցավի հատվածում կարող են առաջանալ այնպիսի ախտանշաններ, ինպիսիք են` կարմիր աչքերը, արցունքն ու քթից առատ արտադրությունը:
Միգրենային (անգար) ցավերը մարդկությանը հայտնի են վաղուց. Այն համարվում է ազնվացեղ հիվանդություն, քանի որ շատ հայտնի մարդիկ են տառապել միգրենից. Պյուղատոս, Հուլիոս Կեսար, Նիցշե, Կառլ Մարքս, Ա.Պ.Չեխով: Այս անունները կարելի է երկար թվարկել:
Սակայն մինչ օրս չնայած բազմաթիվ փորձերին ու ուսումնասիրություններին, միգրենի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ դեռևս չկան: Միգրենի դեպքում ցավը շատ ուժեղ է, հաճախ ցավում է գլխի մի կողմը, երբեմն` երկուսն էլ: Հիվանդը զգայուն է լույսի, ձայնի, նկատմամբ, երբեմն սրտխառնուք ու փսխում է առաջանում: Հիվանդությանը նախորդում են աուրան (միգրենի մասին հուշող կարճատև ժամանակահատվածները ), դեպրեսիայի նոպաները:
Բուժումը
Հիվանդության հետևանքով առաջացող գլխացավերի դեպքում պետք է բուժել հիվանդության բուն պատճառը, իսկ գլխացավը պետք է մեղմել սովորական հանգստացնող կամ էլ հակաբորբոքային:
Գլխացավը որպես ինքնուրույն հիվանդություն բուժելը բարդ է: Միգրենի, կլաստերային գլխացավի կամ էլ հեմիկրանիայի դեպքում անհրաժեշտ է նյարդաբանի օգնությանը դիմել: Նման հիվանդությունները կարող են բարդություններ ունենալ կամ էլ քողարկել ավելի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են` ուռուցքները, հիդրոցեֆալիան ու արյունազեղումը:
Նման ցավերի դեպքում առաջինը պետք է հրաժարվել ծխելուց, թունդ խմիչքներից ու ըմպելիքներից` թեյ. սուրճ, գազավորված ըմպելիք, ալկոհոլ: Բացի այդ, պետք է հաճախակի մաքուր օդին զբոսնել:
Լարվածության հետևանքով առաջացած գլխացավերը կարելի է մեղմել պարանոցի ու ուսագոտու մերսման միջոցով: Հրաշալի օգնում է կետային մերսումը, ինքնամերսումը, ջերմային մերսումը` ծնկների ու ոտնաթաթերի շրջանում: Քրոնիկ գլխացավի դեպքում բժիշկը նշանակում է հակադեպրեսանտներ, ու հանգստացնող հատկությամբ դեղաբույսերից պատրաստված թուրմեր:
Կրկնվող գլխացավերի դեպքում արդյունավետ են հակաբորբոքային միջոցները:
Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ա.Վարդանյան