Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտը համալրվել է նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կընձեռեն տեղում իրականացնել գենետիկական հետազոտություններ և ապահովել հետազոտական նմուշների ու նյութերի պահպանման պայմանները։
«Ստացված սարքավորումների առաջին խմբաքանակին հետևելու են ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերվելիք այլ սարքավորումներ և նյութեր, որոնք կնպաստեն շարունակական հետազոտական և կրթական գործընթացին»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության
ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Իր հերթին ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ Ռոքսանա Զախարյանը շեշտել է, որ ծրագրով ձեռք է բերվել նաև անհրաժեշտ լաբորատոր կահույք և գրենական պարագաներ։
«Օրերս ոչ գումարային ներդրումների շրջանակում ԱՄՆ-ից բարեհաջող տեղ
են հասել նաև կենսաբժշկական ուսումնասիրությունների համար հավելյալ մեծաքանակ սարքեր և պարագաներ»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից
իրականացվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել է 2019թ․օգոստոսից։
Ծրագրի հիմնական նպատակն է գենային ճարտարագիտության և սեքվենավորման նորարակական կենտրոնի հիմնումն է, որտեղ կծավալվի գիտահետազոտական և կրթական գործունեություն։
ՀՌՀ մամուլի ծառայություն