Օրեր առաջ թերթերից մեկը գրել էր, որ հնարավոր է՝ գազի ներտնային սպասարկումն իրականացնի ԱԻՆ-ը, իսկ մասնավոր «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունը փակվի: Ըստ տեղեկությունների՝ վարչապետը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ) ստուգումներ սկսել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ քննարկումներ անցկացնել գազի ներտնային սպասարկման վերաբերյալ։
Araratnews.am-ի հետ զրույցում, սակայն, ՊՎԾ-ը ստուգումների մասին լուրը հերքեց՝ նման հանձնարարական վարչապետից չեն ստացել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը մեզ հետ զրույցում էլ ասաց. «Ընկերության փակվելու վերաբերյալ ես տեղեկություններ չունեմ, իսկ ներտնային սպասարկման հարցով մի քանի ամիս է՝ տարբեր քննարկումներ են ընթանում»:
ԱԻՆ-ից եւս մեզ տեղեկացրին, որ քննարկումները կառավարությունում շարունակվում են:
Իսկ ի՞նչ է մտածում «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունը քննարկումների վերաբերյալ, արդյոք նա մասնակցում է դրան:
Araratnews.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Արման Նալբանդյանը մեզ ասաց՝ մամուլի հրապարակմանը ծանոթ է, բայց ընկերության փակվել-չփակվելու հարցն իր որոշելիքը չէ:
Հստակեցրինք՝ չի՞ հերքում, որ կառավարությունը գուցե ներտնային սպասարկումը հանձնարարի ԱԻՆ-ին, ընկերության տնօրենն ասաց. «Դա իմ որոշելու հարցը չէ»:
Արդյոք կարող է պետությունն իրականացնել գազի ներտնային սպասարկումը մասնավոր ծառայության պես. ընկերության տնօրենը հիշեցրեց՝ ունեն 12 տարվա աշխատանքային փորձ, 1000 աշխատակից՝ պրոֆեսիոնալ աշխատակազմով: «Չեմ ուզում որեւէ գերատեսչության փնովել, բայց խիստ կասկածում եմ, որ սկսնակը կարողանա լավ որակով ծառայություն մատուցել»,- ասաց Նալբանդյանը:
Արման Նալբանդյանի հետ խոսել ենք նաև ոլորտին առնչվող այլ խնդիրներից, տեսուչների աշխատավարձից, սպասարկման վճարից, որի մասին կհրապարակենք առաջիկայում:
Սոնա Դավթյան