Գետի կամ ծովաձկները լուրջ հիվանդություններ կարող են տարածել: Ձկան օրգանիզմում զանազան մակաբույծներ կան, ու ձկնամսի մշակման կանոնների խախտման հետևանքով դրանք վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Սակայն մակաբույծներից վարակումը միակ վտանգը չէ: Այսօր գետերի ու ծովերի ջրերն աղտոտվում են թունավոր արտանետումներով: Եվ, փաստորեն, այդ ջրերում բնակվող ձուկն էլ ծանր մետաղներով ու թույներով է ակամա սնվում, ու հետո, մթերքի տեսքով հայտնվում մեր սեղանին: Այդ վտանգներից մեկն էլ սնդիկն է:
Երբեմն ձկնամթերքի պիտակի սխալ մակնշումը կարող է պատճառ դառնալ, որ սպառողն իր կամքից անկախ, մեծ քանակությամբ սնդիկ օգտագործի նորմին չհամապատասխանող մթերքի հետ, ասվում է PLOS One ամսագրում հրատարակված ուսումնասիրության մեջ:
Հայտնի է, որ ձկնամթերքը շատ օգտակար է օրգանիզմին, սակայն հիմնականում որսված ձկան մսի մեջ սնդիկի պարունակությունը գերազանցում է թույլատրելի նորմը, ինչը կարող է մեծ վտանգ հանդիսանալ զարգացող օրգանիզմի նյարդային համակարգի համար:
Նույնիսկ ոչ մեծ քանակությամբ ձկնամթերքի օգտագործումը կարող է էական ազդեցություն ունենալ արյան մեջ սնդիկի մակարդակի վրա: Ապացուցված է, որ այն լուրջ հետևանք է թողնում առողջության վրա. վնասում է ուղեղը,հիշողության կորստի հանգեցնում, հղիության դեպքում` անգամ վիժում ու պտղի զարգացման արատների պատճառ դառնում: Ձկնամսի միջոցով սնդիկն օրգանիզմում հայտնվելով հոգնածություն ու հիշողության կորուստ կարող է առաջացնել:
Տարբեր ձկնատեսակներում սնդիկի պարունակությունը տարբեր է լինում, սակայն հստակ հայտնի է, որ մեծ քանակությամբ սնդիկ է պարունակվում գիշատիչ ու երկարակյաց ձկների մսի մեջ: Ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքը , մասնագետները հղի կանանց, կերակրող մայրերին, հղիանալ պատրաստվողներին ու նաև փոքրիկներին խորհուրդ չեն տալիս այդ ձկնամիսն օտագործել:
Սակայն, սնդիկը միակ վնասակար նյութը չէ. ձկնամսի հետ մարդու օրգանիզմ են ընկնում բազմաքլորացված դիֆենիլներ, ինչը հանգեցնում է գլխուղեղի աշխատանքի, վերարտադրողական ֆունկցիայի խանգարման ու նույնիսկ առաջացնում քաղցկեղի վտանգ: