Կոնյուկտիվիտն աչքի ու կոպերի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է: Այսօր հայտնի են կոնյուկտիվիտի հետևյալ տեսակները. վիրուսային, ալերգիկ ու բակտերիալ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում տարբեր բուժում է առաջարկվում: Կոնյուկտիվիտը ինֆեկցիոն հիվանդություն է (բացի ալերգիկից): Վիրուսային կոնյուկտիվիտը հաճախ կապված է ռեսպիրատորային հիվանդության, անգինայի կամ էլ մրսածության հետ, իսկ բակտերիալ կոնյուկտիվիտը` անմիջականորեն ստաֆիլոկոկերի ու ստրեպտոկոկերի հետ: Ալերգիկ կոնյուկտիվիտը հաճախ արտահայտվում է ողջ օրգանիզմի ալերգիկ վիճակի ֆոնին:
Վիրուսային կոնյուկտիվիտի դեպքում առատ արցունքահոսություն է լինում, աչքերի բորբոքվածություն ու կարմրություն: Բակտերիալ կոնյուկտիվիտի դեպքում այտուց, աչքերի կարմրություն, արցունքահոսություն, թարախային արտադրություն է լինում, ինչի պատճառով առավոտյան կոպերն իրար են կպչում: Դրա համար կարելի է թեյի թուրմի մեջ թաթախված բամբակով զգուշությամբ մաքրելով բացել բորբոքված աչքը:
Ալերգիկ կոնյուկտիվիտի դեպքում արցունքահոսություն, քոր, այտուց է առաջանում:
Կոնյուկտիվիտը բավական լուրջ հիվանդություն է ու պահանջում է գրագետ բուժօգնություն: Բուժման համար նախ պետք է պարզել կոնյուկտիվիտի առաջացման ճշգրիտ պատճառը:
Ալերգիկ կոնյուկտիվիտը բուժվում է օրգանիզմից ալերգենի դուրսբերմամբ: Սակայն, միշտ չէ, որ հաջողվում է պարզել ալերգենը, դրա համար էլ երբեմն շատ դժվար է լինում բուժումը: Ալերգիայի թույլ արտահայտությունների դեպքում անհարմարության վիճակը վերացնելու համար բավարար է արհեստական արցունքառաջացումը : Խորհուրդ են տրվում սառը թրջոցները: Բարդ դեպքերում բժիշկը հնարավոր է նշանակի ոչ ստերոիդային ու հակահիստամինային միջոցներ` կաթիլների ու հաբերի տեսքով: Իսկ ամենաբարդ դեպքերում նշանակվում են հակաբորբոքային ու ստերոիդային կաթիլներ:
Բակտերիալ կոնյուկտիվիտը բուժվում է հատուկ քսուքների ու կաթիլների միջոցով, որոնց բաղադրության մեջ անպայման հակաբիոտիկներ կան:
Վիրուսային կոնյուկտիվիտի բուժման համար հակավիրուսային կաթիլներ, քսուք ու ինտերֆերոն է նշանակվում: Մեծ նշանակություն ունի նաև հիվանդի իմունային համակարգի վիճակը, քանի որ վիրուսով ախտահարումը հաճախ կապված է հենց իմունային համակարգի թուլացման հետ: Պոլիվիտամինները բուսական դեղամիջոցների հետ կարող են խթանել իմունային համակարգն ու առողջացման գործընթացն արագացնել:
Տվյալ վարակի տարածումը կանխարգելելու համար պետք է հետևյալ կանոններին հետևել. լվանալ ձեռքերը, բացառել լողը, ձեռքերով աչքերին չդիպչել, միմիայն անձնական սրբիչից օգտվել , իսկ թաշկինակի փոխարեն մեկանգամյա անձեռոց կիրառել, բացառել ձեռքսեղմումները: