Երևանի «Մեդիակենտրոն» մամուլի ակումբի այսօրվա հյուրերն էին «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը և «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
Բանախոսները համաձայն էին այն հարցում, որ բովանդակային ոչ մի նորություն չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանների հայտարարություններում: Տարածքների հանձնման պահանջը առկա է եղել միջնորդների բոլոր առաջարկություններում, այդ թվում Մադրիդյան սկզբունքներում: Նորությունը, սակայն, այն է, որ Միացյալ նահանգները, տևական պասիվությունից հետո, այդ մասին նորից են սկսել խոսել:
Արմեն Աղայանի կարծիքով այս ակտիվացումը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ծագած ռուս-ամերիկյան հակամարտությամբ ու Հարավային Կովկասում դիրքերը ամրապնդելու ցանկությամբ: Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք այս հայտարարությունները շարունակություն կունենան գործնական ճնշման տեսքով, թե՞ կմնան սոսկ հայտարարություններ և շուտով կմոռացվեն:
Արսեն Խառատյանի կարծիքով այս հայտարարություններով Վաշինգտոնը նաև ուղերձներ է ուղղում Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի մեկը ընդունի Արցախում կամարտահայտության, մյուսը` տարածքների հանձնման անհրաժեշտությունը և այդպես նախապատրաստեն իրենց հասարակություններին: Բանախոսները նույնական դիրքորոշում ունեին այն հարցում, որ տարածքային զիջումները սկզբունքորեն պետք է բացառել, թեկուզ միայն անվտանգության նկատառումներով:
Արմեն Աղայանի կարծիքով Հակառակ բոլոր վարչակարգերի տարածք հանձնելու պատրաստակամությանը 2001-ի համեմատ այս գիտակցությունը գրեթե համատարած է դարձել և այսօր այլևս անհնար է հայությանը նման զիջումներ պարտադրել:
Արսեն Խառատյանը հավելեց, որ ցուցարարները պետք է իրենց պաստառներով նաև Բաղրամյան 26-ի առջև կանգնեին, քանի որ գլխավոր մեղավորը հենց իշխանավորներն են, որոնք ընդունում են Մադրիդյան սկզբունքները և բանակցում դրանց շուրջ:
Բանախոսներին առաջարկվեց համեմատել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների տարբերությունները Արմեն Աղայանի կարծիքով զիջումների քաղաքականությունը շարունակական է եղել, սկսած ավելի վաղ` Տեր-Պետրոսյանից, թեև որոշ ոճային տարբերություններ իհարկե եղել են:
Սերժ Սարգսյանը դեռ Քոչարյանի օրոք նախարար եղած ժամանակ էր զբաղվում պահանջվող զիջումների ներքին քարոզչությամբ:
Արսեն Խառատյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը: Նաև հավելեց, որ Քոչարյանի ժամանակ հիմնական բանակցողը Վարդան Օսկանյանն էր, իսկ Նալբանդյանը այդ դերը չի կատարում և մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք ԱԳՆ-ում: Բացի այդ Նալբանդյանը կարծես Մոսկվայից է նայում հարցերին: