տուն Քաղաքական Հայաստան Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ որդու ձերբակալության մասին

Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ որդու ձերբակալության մասին

3316
0

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) կարծում է, որ իր որդին կապ չունի Արցախում հունվարի 30-ին զոհված զինվորի հետ:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը:

«Այս պահին քննություն է գնում, ես չեմ խոսի մինչև ճշմարտությունը պարզվի: Ես վստահ եմ, որ իմ տղան չկա նման հարցերում: Ես ցավակցում եմ զոհված զինվորի ծնողներին ու անձամբ միանալու եմ նրանց՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Իմ համար տարբերություն չկա՝ իմ տղան է զոհվել, թե այս տղան: Թողեք քննություն լինի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 30-ին Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում:

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձերբակալված և մահացած զինվորների միջև «եղել է ինչ-որ հարաբերությունների սրում»:

Առաքել Մովսիսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք որդին կարո՞ղ էր լարված հարաբերությունների պատճառ դառնալ, ասաց. «Նախարարը քննիչ չի, էլ մնացածը չեմ շարունակում»: Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք հրաժարվում էին զինվորի դին հուղարկավորել, այն բերում էին Երևան և իշխանություններից պահանջում գործի արդար քննություն:

Հարազատները նախարարի հետ քննարկումների արդունքում որոշեցին զինվորին հանձնել հողին: