Կառավարության շենքի դիմաց շարունակվում է կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքողների ակցիան: Ցուցարարները վանկարկում են «պա-տաս-խան, պա-տաս-խան», փուչիկներ բաց թողնում 10% գրվածքով՝ որպես իրենց փողերի փոշիացման խորհրդանիշ:
Հավաքվածները իրենց գրավոր պահանջն են հանձնել Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին և պահանջել, որ իրենց հարցերին ու փաստարկներին բանավոր պատասխան տրվի հենց այսօր: Ղազինյանը, սակայն, գրավոր փաստաթուղթը ստանալուց հետո մտել է կառավարության շենք և ասել, որ ցուցարարները լավ տեղեկացված չեն նոր համակարգից: «Էդ բոլոր մասնակիցները, ես վստահ եմ, որ օրենքը չեն էլ կարդացել»,- ասաց Ղազինյանը: Հարցին, թե ինչ գիտի, որ ցուցարարները օրենքը չեն կարդացել, նա պատասխանեց. «Որովհետև անհեթեթ փաստարկներ են բերում»: Ղազինյանի խոսքով՝ անհեթեթ է այն, որ իրենք համարում են, թե իրենց սեփականությունից զրկում են: «Չես հասկանում՝ ինչ սեփականության մասին է խոսքը: Ոչ ոք նրանց սեփականությունից չի զրկում»,- նշեց Ղազինյանը:
Իսկ դրսում ցուցարարները հայտարարեցին, որ պատրաստվում են մնալ կառավարության շենքի դիմաց մինչև 14:00-ն և սպասել մեկին, ով բանավոր իրենց հարցերին ու փաստարկներին կպատասխանի:
Նշենք նաև, որ տարածքում աննախադեպ քանակի ոստիկաններ ու կարմիր բերետավորներ են կուտակված: Հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանների այսպիսի աննախադեպ ներկայությունը կառավարության մոտ, Վալերի Օսիպյանը պատասխանել է. «Եկել են հասարակական կարգը պահպանելու և կանխարգելիչ աշխատանքների համար»: