«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր սեղան է դրել կառավարության շենքի առջև և ստորագրահավաք է իրականացնում։ Այս մասին գրում է a1plus.am-ը:
Սեղանիկի վրա Հայաստանի դրոշն է, դիմացը փակցված է «ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու Անի Զախարյան» գրությամբ պաստառ, դրված են ստորգրահավաքի համար նախատեսված թուղթ, «Ժողովրդական արդարության ազգային շարժման հեղափոխության հռչակագիրը»։
Անի Զախարյանը պատրաստվում է ստորգրահավաքի միջոցով քաղաքական մշակույթ փոխել և հայտ ներկայացնել՝ վարչապետ նշանակվելու համար։
«Ա1+»-ի հետ զրույցում Զախարյանհը ասել է, որ պատրաստվում է հավաքել 1 միլիոն ստորագրություն, որն էլ ըստ նրա՝ պայմաններ կստեղծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար։
«Այս կառավարության աշխատանքում թափանցիկություն չկա, այս կառավարությունը, որ նախորդների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, մենք չգիտենք այդ բռնագանձված գումարներ ինչ միջոցների են գնում, ինչպես են ծախսվում», — հարցին պատասխան ընդգծեց նա:
Նա նաև մերժում է Արցախյան հակամարտության կարգավորումը Մադրիդյան սկզբունքների վրա։
Դիտարկմանը, թե իր կազմակերպած հավաքներին գրեթե մարդ չի գալիս, կամ սակավաթիվ են հավաքները լինում, նա պատասխանեց, որ պատճառն իր դեմ իրականացվող տեղեկատվական շրջափակումն է։