տուն Քաղաքական Հայաստան Այսօր նախատեսված է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստը. հյուրը լինելու է Սերժ...

Այսօր նախատեսված է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստը. հյուրը լինելու է Սերժ Սարգսյանը

270
0

Այսօր՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 330 սենյակում նախատեսված է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որի հյուրը լինելու է Սերժ Սարգսյանը: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Ապրիլի 7-ին պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրավերին՝ նա գրել էր, որ ո՛չ հանձնաժողովում եւ ո՛չ էլ որեւէ այլ ձեւաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին:

Նրա գրությունում նշվել էր նաեւ, որ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել՝ պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է նրան: Հանձնաժողովը բավարարել էր նրա այդ պայմանը՝ ընդգծելով, որ բոլոր նիստերը ձայնագրվում են, եւ եթե Սարգսյանը ցանկանում է, նրա մասնակցությամբ նիստի ձայնագրության մեկ օրինակ կտրամադրվի իրեն:

Ավելի վաղ այս նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, սակայն նա հրաժարվել էր մասնակցել: Հանձնաժողովը արդեն բազմաթիվ նիստեր է ունեցել, ունի շուրջ 100 ժամ ձայնագրություն: Նախատեսվում է հանձնաժողովի աշխատանքներն ամփոփել հունիսին: