Այսպիսով Աղվան Հովսեփյանին «տեղավորելու» հարցը լուծելուց հետո Սերժ Սարգսյանը լուծեց նաև նրա հետնորդի խնդիրը: Նախագահը ԱԺ-ին որպես գլխավոր դատախազի թեկնածու առաջարկել է զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Չնայած մամուլում մինչ այս շրջանառվող տեղեկություններին, թե Գևորգ Կոստանյանը մեկնելու է Եվրոպական դատարանում աշխատելու, այնուամենայնիվ նման առաջարկը գրեթե կասկած չէր հարուցում: Ճիշտ է ֆորմալ առումով ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրում է փակ գաղտնի քվեարկությամբ, սակայն նկատի ունենալով ԱԺ-ում առկա դասավորվածությունը, կարող ենք ասել, թե ինչ արժեք ունի այդ գաղտնիությունը և արձանագրել, որ ՀՀ Գլխավոր դատախազի հարցն այլևս լուծված է: Սակայն հետաքրքիր է նշել, որ մինչ այս Սյունիքի մարզպետի և թիկնապահի ազատ արձակումից հետո կրկին մամուլում շրջանառվեցին լուրեր, այն մասին թե, Գևորգ Կոստանյանը գործին նման ընթացք տալու համար կաշառք է վերցրել: Սակայն մի կողմ թողնելով մամուլում շրջանառվող տարատեսակ լուրերը, նշենք, որ ամեն ինչ տանում էր նրան , որ ՀՀ ապագա Գլխավոր դատախազն է լինելու Գևորգ Կոստանյանը: Ճիշտ է, նման իրադարձությունների նման զարգացման մասին դեռևս հաստատապես չէր խոսվում, սակայն թերևս դա նաև բնական էր, քանի որ Գևորգ Կոտանյանը դեռ լիովին չէր ցուցաբերել իր ունակությունների ողջ բազմությունը: Կոստանյանի համար փայլուն առիթ ու «ստուգարք» հանձնելու հնարավորություն դարձավ Սյունիքի մարզպետի որդու և թիկնապահի կողմից կատարված սպանության գործը: Պետք է ասել, որ այս գործում Գևորգ Կոստանյանը «լավագույնս» դրսևորեց իրեն որպես Աղվան Հովսեփյանի հետնորդ, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակմամբ Գևորգ Կոստանյանը գերազանցությամբ հանձնեց «քննությունը» և վաստակեց Սերժ Սարգսյանի վստահությունը: Նկատի ունենալով այս, պետք է ենթադրել, որ առաջիկայում մենք ականատես ենք լինելու Աղվան Հովսեփյանի հիմնադրած «ավանդույթների» հետագա հաստատագրմանը:
Աղասի Մարգարյան