Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցածˋ «Իրադրությունը Ուկրաինայում» քննարկման ժամանակ, Ուկրաինայից տեսազանգի միջոցով քննարկմանը միացած «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգանը նշեց, որ Կիեւը հունվարի 19-ի քաղաքացիական անհնազանդության դեպքերից հետո պարալիզացված չէ:
«Մարդիկ հիմնականում գնում են աշխատանքի, երթեւեկություն կա: Մայդանում այս պահին դժվար է ասել ինչքան մարդ կա, հիմնականում ասում են 2000, բայց հստակ դժվարանում եմ ասել: Անընդհատ տեղաշարժվում են այս ու այն կողմ: Մարդկանց մեծ մասը դուրս են եկել փողոց ոչ թե կոնկրետ Եվրոպայի համար, այլ իրենց ապագայի համար, կոռուպցիայի դեմ պայքարի համար»,- ասում է Շուլգանը:
Քննարկմանը ներկա գտնվող «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով հունվարի 19-ին Մայդանում տեղի ունեցած դեպքերին, նշեց, որ բավականին կոշտ էր դեպքերից մեկ օր անց Եվրամիության հայտարարությունն ու վերաբերմունքը:
«Հասկանալի է եվրոպական կառույցների ռեակցիան: Հունվարի 16-ի դեպքերից հետո Յանուկովիչը կարող էր գուշակել՝ ինչպիսին է լինելու Եվրոպայի ռեակցիան: Շատ կարեւոր է հասկանալ` ինչ է կատարվում ընդդիմադիր կառույցներում, քանի որ ընդդիմության ղեկավարները ասում էին, որ կորցնում են հսկողությունը ցուցարարների նկատմամբ»,-ասաց Մինասյանը:
Եզրափակելով իր խոսքըˋ Սերգեյ Մինասյանը հարց ուղղեց Դմիտրի Շուլգանին, թե կա՞ն բանակցություններ քաղաքական ընդդիմության եւ իշխանության միջեւ:
Ի պատասխան Մինասյանիˋ Շուլգանը ասաց, որ ռեալ բանակցություններ չեն եղել:
«Ինչքանով որ ես եմ տեղյակ, քաղաքական ընդդիմության եւ իշխանությունների միջեւ բանակցություններ չեն եղել, իսկ մարդիկ իսկապես դուրս են եկել ընդդիմության վերահսկողությունից»,- հավելեց Շուլգանը: