Վրաստանի արտգործնախարարությունն «ապատեղեկատվություն» է անվանում ադրբեջանական այն լուրերը, որոնց համաձայն Վրաստանի տարածքն օգտագործվել է դեպի Հայաստան զենքի առաքումների համար: Ըստ Թբիլիսիի, դրանց նպատակը «երկու գործընկերների միջեւ արհեստական եղանակով խնդիրներ առաջ բերելն է»:
Ըստ նախարարության հայտարարության, ադրբեջանական հրապարակումներն ունեն անճշտություններ, դրանցում առկա փաստերը չեն ներկայացվում օբյեկտիվ եղանակով, «ապակողմնորոշում են հասարակությանը եւ ունեն վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վրա ստվեր նետելու նպատակ»
Հուլիսի 19-ին Ադրբեջանի լրատվական գործակալությունները, ակնարկելով ‘’ռազմական աղբյուրների մասին, հրապարակել էին լուրեր, ըստ որոնց, մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հուլիսի 12-ը սկսված բախումները, «Գրադ» տիպի հրթիռների գործարկիչներով եւ ականանետների զինամթերքով բեռնված «ԿամԱզ» մակնիշի բեռնատարներ են փոխադրվել Սերբիայից դեպի Հայաստան:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ի պատասխան, ադրբեջանական ինտերնետային Haqqin.az լրատվական ծառայությունը հրապարակել է հուլիսի 21-ին նկարահանված «ԿամԱզ» մակնիշի ավտոմեքենաների լուսանկարներ, որոնք, ըստ նույն լրատվամիջոցի, ապացուցում են, որ ցամաքային ուղով ռուսական զենք է առաքվել Հայաստան:
Ադրբեջանական այս գործակալության տվյալներով, սերբական ականանետային զինամթերքը Սերբիայից Վրաստան է հասել օդային ուղով: Այն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, իրականացվել է «զենքի վաճառքի քրեական տարր համարվող Սլոբոդան Տեսիչի միջոցով, որը ներկա պահին գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո»:
Եվրոպայի համալսարանից Գեորգի Մչեդնիշվիլին կասկածում է, որ Վրաստանը թույլ կտար իր տարածքով զինամթերքի փոխադրում դեպի Հայաստան: Նրա խոսքերով, այդ մասին կա ‘’հստակ պայմանավորվածություն’’:
«Այլ հարց է», նշում է վերլուծաբանը, որ ավելի վաղ «Վրաստանի տարածքով անցել է ռուսական ռազմական տեխնիկա` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի համար զինամթերք տեղափոխելու նպատակով»:
«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում վրացի վերլուծաբանն ասում է, որ եթե Հայաստանն իրոք Սերբիայից ստացել է զենքի մատակարարումներ Վրաստանի տարածքով, ապա այն կարելի է համարել Թբիլիսիի ակնհայտ բացթողում: «Սակայն դրա համար հարկավոր են շատ մեծ փաստարկներ: Իսկ նման փաստարկներ դեռեւս չկան», ասել է վերլուծաբանը:
Իսկ այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ վերջին բախումների ընթացքում զոհ տվեց մի գեներալի, «ուժեղ հարված է` ընդդեմ այդ երկրի հեղինակության»: Նրա կարծիքով, Բաքվում դրանից հետո սկսված ցույցերը «տհաճ անակնկալ էին Ադրբեջանի իշխանությունների համար»: Եվ այս լուրը կոծկելու նպատակով, «Բաքուն հավանաբար փորձում է օգտագործել մեկ այլ` բարեկամ երկրի դավաճանության մասին մի լուր», ասում է նա:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից Վրաստանն ակնհայտորեն կանգնած է Բաքվի կողմը, ինչն արտահայտվում է տեղահանված անձանց վերադարձի շուրջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կողմերի միջեւ մշտական աջակցությամբ: Սակայն Վրաստանն այսօր շատ խոցելի է, որպեսզի նույնիսկ միջնորդի դերով ներքաշվեր այս հակամարտության մեջ», նշում է փորձագետը:
Անվտանգության հարցերով փորձագետ Թեոնա Ակուբարդիան նշում է, որ պաշտոնական Բաքուն դեռեւս չի մեկնաբանել ադրբեջանական մամուլի հաղորդագրությունները, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է լուրը եւ այն անվանել ապատեղեկատվություն: «Իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խզումը առաջին հերթին հետաքրքրում է Ռուսաստանին հատկապես Տրանսանատոլիական ու Տրանադրիատիկ գազատարների գործարկման շեմին, երբ երկու նախագծերում էլ Վրաստանն ունի միջանցիկ երկրի կարգավիճակ’’, ասում է վերլուծաբանը եւ եզրակացնում, որ ‘’ամբողջ այս ապատեղեկատվության աղբյուրը հավանաբար Մոսկվան է»:
Ծանուցում.
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը նշված տեղեկությունները ներկայացնում է որպես ի գիտություն եւ առանց մեկնաբանության: