տուն Հասարակություն Իրավական Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով

Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով

104
0

Սահմանադրական դատարանում այսօր ժամը 11-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստը չկայանալու պատճառի մասին լրագրողներին տեղեկացրեց մի կին, որը հավանաբար ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչ էր: 

Որեւէ դատավոր նիստերի դահլիճում չհայտնվեց, ուստի լրագրողների համար տեսանելի չեղավ, թե ովքեր են բացակա նիստից:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Դրանց թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը:

Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Միջնորդության քննարկման վերաբերյալ աշխատակարգային նիստ տեղի չէր ունեցել: 

Այսօր էլ Մարտի 1-ի իրավահաջորդներն էին միջնորդություն ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: 

Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի լիազորությունները դադարել են հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով, Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը արձակուրդում են, Վահե Գրիգորյանը չի մասնակցում Քոչարյանի վերաբերյալ նիստերին եւ նրա մասնակցության անհնարինության վերաբերյալ դատարանի աշխատակարգային որոշում կա: Ստացվում է, որ նիստին կարող էին մասնակցել միայն Արման Դիլանյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Արաիկ Թունյանը: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 5 դատավորի ներկայություն:

armtimes.com