տուն Քաղաքական Վերլուծական Ռուսական ծավալապաշտության հերթական սադրանքը

Ռուսական ծավալապաշտության հերթական սադրանքը

243
0

roooooooooosdYerkir.am-ին տված հարցազրույցում ՌԴ պետդումայի պատգամավոր, ՌԴ Կոմկուսի անդամ Անատոլի Լոկոտը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայտարարել էր , թե այդ խնդիրը կարող է կարգավորել միմիայն Ռուսաստանը: Բոլորովին այլ հարց է, թե ինչ սկզբունքներով են հայաստանյան մեդիա դաշտի ներկայացուցիչները հարցազրույցներ վերցնում  ՌԴ պետդումայի Լիբերալ-դեմոկրատական, կոմունիստ պատգամավորներից կամ, աստված գիտի, թե ինչ ծագման ու նշանակության գործիչներից , որոնց տեսակետը բնականաբար տեղավորվելու են ռուսական ծավալապաշտության և խորհրդային նոստալգիայի տրամաբանության սահմաններում, և դրանով իսկ կամա թե ակամա դառնում ռուսական քարոզչության գործիքներ: Չխորանալով այս մանրամասների մեջ` անդրադառնանք ռուսական քարոզչության հերթական սադրանքին, որի մեկնարկը տվեց Զորի Գայկովիչի տխրահռչակ նամակը:

Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրականության մեջ միշտ էլ առավել կամ պակաս առկա են եղել ռուսաֆիլական, երբեմն էլ ռուսապաշտական տրամադրություններ: Գաղտնիք չէ նաև, որ հնարավոր չէ ժխտել տարածաշրջանում ռուսական հսկայական ազդեցությունը: Սեպտեմբերի 3-ի ոչ պակաս տխրահռչակ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ առաջիկայում մենք պետք է սպասենք ռուսական ագրեսիայի հերթական ու առավել ուժգին ալիքին, որն էլ կարծես թե մարմնավորվում է ռուս երկրորդական, երրորդական կարգի գործիչների ելույթներում ու հայտարարություններում: Սրանց թվում ամենաթարմը ՌԴ կոմունիստ պատգամավորի վերոհիշյալ հայտարարությունն է: Որքան էլ տարօրինակ է, ռուսական կողմից նման հայտարարություն է հնչում այնպիսի պայմաններում, երբ շատ մոտ ժամանակներս նախատեսվում է Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այս հանդիպման նկատմամբ բավական մեծ է հետաքրքրությունը Արևմուտքի կողմից, ինչի մասին վկայում է հենց թեկուզ այն փաստը, որ Ալիևին ուղղված նամակում Օբաման այն համարում է պատմական շանս:

Այս պայմաններում արդեն ռուսական քարոզչությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հույսեր չպետք է փայփայել, քանի որ կոնկրետ այս իրավիճակում Ռուսաստանը դեռևս համաձայն չէ խնդրի հանգուցալուծման հետ: Սա չափազանց պարզ է և հասկանալի, քանի որ ղարաբաղյան հիմնահարցում շատ թե քիչ լուրջ առաջընթացը հակադարձ համեմատական է տարածաշրջանում ռուսական վերահսկողության նվազմանը: Սա շատ լավ հասկանում են նաև ռուսները, իսկ Լոկոտի հայտարարությունների ենթատեքստում առկա են  ուղերձներ առ այն, որ ռուսները թույլ չեն տա խնդրի կարգավորում:

Նման պայմաններում, արդեն, որքան էլ տարօրինակ է, Լոկոտի հայտարարության մեջ առկա է դառնում ռացիոնալ հատիկ` հակառակ նշանով սակայն: Ոչ թե Ռուսաստանը կարող է կարգավորել հակամարտությունը, այլ միայն Ռուսաստանը կարող է որոշել չխանգարել խնդրի կարգավորմանը: Իսկ նման որոշում կարծես թե դեռ չկա: Գումարած սրան, եթե քննարկենք վերջերս հայկական մեդիայում հաճախակի շրջանառվող լուրերը Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ, ապա կարող ենք ասել, որ ռուսական կողմն առանձնապես դեմ չի լինի Հայաստանում պալատական ինտրիգներ մոգոնելուց և անգամ պալատական հեղաշրջում կամ իշխանափոխություն հրահրելուց: Թե ինչպես կզարգանանան գործընթացներն առաջիկայում՝ ցույց կտա ժամանակը, մեկ բան սակայն անվիճելի է` սեպտեմբերի 3-ից հետո Ռուսաստանը բացահայտ ցույց է տվել, որ ամեն գնով՝ մեր տարածաշրջանում հետամուտ է լինելու իր շահերին, անկախ նրանից՝ դա կարվի Հայաստանի թե Ադրբեջանի ինքնավարության հաշվին:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here