տուն Աշխարհ Պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի և «Թուրքական հոսք»-ի նկատմամբ կխստացվեն. նախագիծը հաստատվեց

Պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2»-ի և «Թուրքական հոսք»-ի նկատմամբ կխստացվեն. նախագիծը հաստատվեց

137
0
Cityscape

Երեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության բյուջեի նախագիծը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսվում է հոկտեմբերի 1-ից), որը պարտավորեցնում է վարչակազմին խստացնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի նկատմամբ: Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում: Այս մասին հուլիսի 22-ին տեղեկացնում է ТАСС-ը։

295 կոնգրեսական աջակցել են 740,5 մլրդ դոլար արժողությամբ բյուջեի նախագծին, 125-ը դեմ են արտահայտվել։

Փաստաթուղթը պահանջում է, որ Վաշինգտոնի վարչակազմը խստացնի ներկայումս կիրառվող պատժամիջոցները ռուսական «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ: 2019 թ. դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց ընթացիկ ֆինանսական տարվա ռազմական բյուջեն, որը վարչակազմին պարտավորեցնում է պատժամիջոցներ կիրառել այդ նախագծերի նկատմամբ: Այժմ սահմանափակումներ պետք է մտցվեն այն օտարերկրացիների հանդեպ, ովքեր մեծապես նպաստում են այդ երկու գազատարների համար նախատեսված խողովակների վաճառքին, վարձակալմանը կամ դրանց տեղադրման համար նավեր տրամադրելուն։

Բացի դրանից՝ բյուջեի նախագիծը ենթադրում է մոտավորապես 3,8 մլրդ դոլարի հատկացում «Զսպման եվրոպական նախաձեռնություն» ծրագրի համար, որն ըստ ամերիկյան իշխանությունների՝ ուղղված է «Ռուսաստանի զսպմանը»: Ինչպես նշվում է փաստաթղթում, գալիք ֆինանսական տարում Ուկրաինան ԱՄՆ-ից կարող է ռազմական գծով 250 միլիոն դոլար ստանալ։ Կոնգրեսականները նախագծի տեքստում անհանգստություն են արտահայտում Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ԱՄՆ վարչակազմի մտադրության առնչությամբ:

Օրենսդիրները 3,6 մլրդ դոլար են հատկացնում «Չինաստանին Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում զսպելու համար»: Նախագիծն արգելում է բյուջետային միջոցների օգտագործումը «միջուկային փորձարկումներ անցկացնելու կամ ցանկացած հզորության միջուկային պայթյունների փորձարկումներ նախապատրաստելու համար»: Կոնգրեսականները արգելանք են դնում երկրի պետական մարմինների էլեկտրոնային սարքերում TikTok հավելվածի օգտագործման վրա: Այս ամենց զատ օրենսդիրները բյուջեից 1 մլրդ դոլար են հատկացնում Պենտագոնին ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:

Նախագահի վետոն

Ինչպես երեքշաբթի հաղորդել է Սպիտակ տունը, Թրամփը վետո կդնի այդ փաստաթղթի ներկայիս ձևի վրա մի շարք դրույթների պատճառով: Դրանցից է, առաջին հերթին, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին (1861-1865) Ստրկատիրական հարավի նահանգների համադաշնության գործիչների անուններով ռազմական օբյեկտների վերանվանման մասին կետը:

«Լուրջ հարցեր կան նաև օրինագծի դրույթների վերաբերյալ, որոնք ուղղված են գործադիր իշխանության որոշ ոլորտներում յուրաքանչյուր քայլի վերահսկմանը, Աֆղանստանում միջոցների օգտագործման խիստ սահմանափակումների ներդրմանը, ինչպես նաև ազգային շահերի պաշտպանության հարցում նախագահի լիազորություններն այլ կերպ սահմանափակելուն»,- ընդգծել են Սպիտակ տանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Աֆղանստանից, Գերմանիայից, Կորեայի Հանրապետությունից, ինչպես նաև աֆրիկյան երկրներից զորքերը դուրս բերելու նախագահի լիազորությունները սահմանափակելուն:

Ռազմական բյուջեի նախագծի մասին

ԱՄՆ ռազմական բյուջեի նախագիծը դեռ պետք է հաստատման դժվարին գործընթաց անցնի: Այս շաբաթ Կոնգրեսի Սենատը հաստատելու է նախագծի իր տարբերակը: Դրանից հետո կստեղծվի հանձնաժողով, որը կհամաձայնեցնի երկու նախագծերի դետալները:

Երկու պալատները կրկին պետք է կողմ քվեարկեն համաձայնեցված փաստաթղթի օգտին, ինչից հետո այն կուղարկվի պետության ղեկավարին՝ ստորագրման: Այս ամբողջ գործընթացը սովորաբար տևում է մինչև աշուն-ձմռան սկիզբ: