տուն Սպորտ Պահանջում ենք հրապարակային ներողություն. «Արարատի» երկրպագուների հայտարարությունը

Պահանջում ենք հրապարակային ներողություն. «Արարատի» երկրպագուների հայտարարությունը

160
0

«Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարգարժան նախագահ պարոն Վանեցյան.

Ինչպես արդեն տեղյակ եք, երեկ կայացած ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման 67-րդ րոպեին մրցակցի դեմքին միտումնավոր, ապա նաև հանդիպման մրցավարին հարվածելու համար կարմիր քարտով պատժվեց հյուրերի և Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպանը, ով խաղադաշտից հեռանալով աչքի ընկավ ոչ մարզական պահվածքով՝ պրոֆեսիոնալ, ազգային հավաքականի ֆուտբոլիստին անվայել արարքով՝ անպարկեշտ ժեստ ցուցադրելով «Արարատի» երկրպագուների ուղղությամբ, որին հետևեց նմանատիպ արձագանք։

Մասնագետների քննարկմանը թողնելով խաղային դրվագը, ինչպես նաև մրցավարի գործողությունները, կատարվածն աննախադեպ է մեր ֆուտբոլում։ Խաղավարտից անմիջապես հետո, մեզ հետ ունեցած կարճ զրույցում «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ինչպես նաև արդեն հետխաղյա ասուլիսի ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը անընդունելի համարեցին իրենց ֆուտբոլիստի արարքը։

Երեկոյան, չբավարարվելով «ձեռք բերածով» հետևեց երիտասարդի հերթական անվայել պահվածքը՝ սոց. ցանցի իր էջում /ինչպես հետո ճշտվեց/ հայհոյելով նրանց, ովքեր դատապարտել են իր արարքը։

Արդեն ուշ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ «Արարատի» երկրպագուների ուղղությամբ անպարկեշտ ժեստ ցուցադրելուց բացի երիտասարդի կողմից հնչել է մարդկային արժանապատվությունը վիրավորող հայհոյանք, որն ակնհայտ լսվել է նաև ուղիղ եթերում, սակայն, բնականաբար, մարզադաշտում մեզ համար լսելի չի եղել։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ մինչ այդ հայտնի դրվագը «Արարատի» երկրպագուների կողմից մրցակցի, նրա որևէ ֆուտբոլիստի հասցեին որևէ անձնական վիրավորանք չի հնչել, ինչպես որոշները փորձում են դրանով արդարացնել կատարվածը՝ անգամ չգտնվելով ստադիոնում, տարածելով ակնհայտ սուտ տեղեկություններ, կամ էլ կատարվածի մեղքը բարդելով մրցավարի վրա։

Ամեն ինչ մինչև հայտնի դրվագը «Արարատի» երկրպագուների կողմից եղել է երկրպագուական ցենզուրայի շրջանակում։ Անմիջապես մեր կողքին նստած է եղել ֆուտբոլիստի հայրը, նաև մրցակից թիմի ֆուտբոլիստների այլ հարազատներ, ովքեր հաստատ կարձագանքեին ցանկացած վիրավորական արտահայտության, եթե այդպիսիք հնչած լինեին»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Երկրպագուները նաև պահանջներ են ներկայացրել «Փյունիկին»`

«Ելնելով կատարվածի աննախադեպ բնույթից, հաշվի առնելով վերջին շրջանում հայկական ֆուտբոլում նկատվող դրական միտումների վրա նմանատիպ դրսևորումների ակնհայտ ստվեր գցելը, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ կատարվածն ուղղված էր ոչ միայն «Արարատի» երկրպագուների, այլև ֆուտբոլի ֆեդերացիայի, ընդհանրապես ողջ հայկական ֆուտբոլային ընտանիքի դեմ։

Արդեն նմանատիպ արաքի համար որակազրկված և միայն ազգային հավաքականի գլխավոր մարզչի խնդրանքով ֆեդերացիայի նախագահի կողմից ներում շնորհված, իրեն չտիրապետող, իր գործողությունների, խոսքերի նշանակությունը չգիտակցող, ոչ հեռավոր անցյալից դասեր չքաղած երիտասարդից, սեփական սխալների գիտակցումն ու զղջումն ակնկալելն անօգուտ է և անիմաստ, ինչպես նաև նման վարքագիծ դրսևորողը, ինչպիսի տաղանդի տեր էլ լինի, ուղղակի բարոյական իրավունք չունի կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։

Ուստի, քանի որ կատարվածի համար ողջ պատասխանատվությունը կրում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը՝ պահանջում ենք.

  • «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից անհապաղ, ամենասեղմ ժամկետում կատարված խայտառակ երևույթի համար՝ հրապարակային ներողություն խնդրել ոչ միայն «Արարատի» երկրպագուներից, այլ ողջ ֆուտբոլային հանրությունից։
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պարոն Վանեցյանից և կարգապահական կոմիտեից պահանջում ենք՝ արագ արձագանքել կատարվածին, ինչպես նաև սահմանել համարժեք ամենախիստ պատիժը՝ բացառելու հետագա նմանատիպ դրսևորումները»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here