տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Սմբատ Ղահրամանյան (ԵՊՀ ժուռնալիստիկա, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարում և վերլուծություն)

Ուսանողը. Սմբատ Ղահրամանյան (ԵՊՀ ժուռնալիստիկա, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարում և վերլուծություն)

423
0
Սմբատ Ղահրամանյան

AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» կրթական ծրագրի մագիստրոս, ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» կրթական ծրագրի ասպիրանտ Սմբատ Ղահրամանյանն է:

Սմբատ Ղահրամանյան

Սմբատ, արտերկրում լրագրողներից յուրաքանչյուրն իր առանձին, համապատասխան մասնագիտացման ոլորտն ունի: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանելիս ոլորտային առումով ի՞նչ նախասիրություններ ունեիք:

Իրավացի եք, աշխարհում ընդունված է, որ ժուռնալիստի մասնագիտությունն ընտրած մարդը պետք է կոնկրետ ուղղության մեջ հմտանա: Հայաստանում իհարկե կա այս երևույթը, սակայն այն, որպես կանոն, համատարած բնույթ չունի, և շատ հաճախ լրագրողները լուսաբանում են միաժամանակ մի քանի տարբեր ոլորտ, ինչը, իմ կարծիքով, անշուշտ սխալ է և ոչ պրոֆեսիոնալ: Ի սկզբանե ԵՊՀ-ում սովորելիս ու դեռ դրանից առաջ էլ ինձ հետաքրքրել է քաղաքական և ռազմական լրագրությունը, որի ուղղությամբ էլ ուսանողական առաջին տարիներին աշխատել եմ: Փորձնական ծրագիր եմ վարել ռազմական թեմայով, բացի դա արդեն սկսել էի թղթակցել օրաթերթերի, որտեղ հրապարակում էի քաղաքական թեմատիկայով հոդվածներ:

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ցանկացած ուղղվածությամբ բազային կրթություն ստացած անհատը կարող է արհեստավարժ և մրցունակ ոլորտային լրագրող լինել. ասենք՝ տնտեսական մեկնաբան, քաղաքական մեկնաբան և այլն: Հենց ա՞յս տրամաբանությամբ եք ընտրել Ձեր երկրորդ մասնագիտությունը: Կասե՞ք, թե ինչպես որոշեցիք մագիստրոսական կրթությունը ստանալ ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնում՝ քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն կրթական ծրագրի շրջանակներում:

Երկրորդ և արդեն այսօր՝ որպես հիմնական ու միակ մասնագիտություն՝ քաղաքագիտությունը ընտրել եմ ոչ ձեր նշած կանխավարկածից ելնելով: Քանի որ երկար ժամանակ է, ինչ զբաղվում էի քաղաքական գործունեությամբ, հետաքրքրություններս հիմնականում հենց այս դաշտից էին: Մասնագիտության ընտրության հիմնական շարժառիթը եղել է քաղաքականությամբ զբաղվելու իմ մեծ ցանկությունը և պետական կյանքում նշանակալի դեր ունենալու վաղվա ձգտումը: Կառավարման ակադեմիան ընտրեցի, որովհետև ունեի ընկերներ, որոնք մրցունակ գիտելիքներ էին ստացել քաղաքագիտության բնագավառում, բացի դրանից՝ ինքս ունեի շատ ծանոթ ավագ սերնդի քաղաքագետներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա:

Իսկ մեծ հաշվով որպես հիմնական պատասխան նշեմ, որ քաղաքականության մեջ ինձ տեսնելու, քաղաքական երևույթների միջև կապ հասկանալու, երջանիկ կառավարելու արվեստին տիրապետելու նպատակով էլ դիմեցի ՀՀ ՊԿԱ համապատասխան ամբիոն: Այսօր վստահ կարող եմ ասել, որ ճիշտ եմ վարվել:

Սմբատ Ղահրամանյան

Սմբատ, ի՞նչ եք կարծում, հայաստանյան բուհերում հրամցվող գիտելիքները համապատասխանու՞մ են աշխատաշուկայի առաջադրած պահանջներին: Անձամբ Դուք աշխատանք փնտրելիս դժվարությունների հանդիպե՞լ եք: Հատկապես ո՞ր մասնագիտացումն է Ձեզ ավելի շատ օգնում աշխատանքային գործունեության ընթացքում:

Ներկա պահին իմ աշխատանքային պարտականություններից և գործառույթներից բխող մասնագիտական աշխատանքներ չեմ կատարում, սակայն ավելի շատ քաղաքագիտությունն է օգնում՝ հաշվի առնելով պետական համակարգի աշխատանքի առանձնահատկությունները և առհասարակ էությունը: Աշխատաշուկայում միշտ եղել են, կան ու կլինեն դժվարություններ, այլ բան է, որ ուժեղ է այն մարդը, ով կարողանում է համբերել, լավատես լինել, կատարելագործել գիտելիքները և հմտությունները, արդիականանալ ու հաջողության հասնել: Իմ պարագայում այս ճանապարհը շատ բարդ է ընթացել, երբեմն ավելի բարդ, քան ինքս եմ պատկերացրել: Ուրախ եմ, որ իմ ԵՍ-ը չի պարտվել ժամանակավոր դժվարություններին ու հիասթափություններին: Ինչ վերաբերում է բուհերում հրամցվող գիտելիքներին և դրանց՝ աշխատաշուկայում առաջադրված պահանջների համապատասխանությանը, արդարացիորեն պետք է փաստել, որ դա հանդիսանում է լուրջ խնդիր մեր պետության ու հասարակության համար: Մյուս կողմից, լավատես եմ, որ տարիների ընթացքում այս հարցը ևս իր տրամաբանական լուծումը կստանա:

Սմբատ, քաղաքագիտությունն անգլոամերիկյան գիտություն է: Ի՞նչ եք կարծում, հայաստանյան մենթալիտետում քաղաքագիտություն գիտակարգի վերաբերյալ եղած պատկերացումները որևէ աղերս ունե՞ն իրականության հետ: Մեր երկրում ո՞րն է քաղաքագետի առաքելությունը, և որ ոլորտներում քաղաքագետի մասնագիտացում ունեցող անհատը կարող է ծավալել իր մասնագիտական գործունեությունը:

Քաղաքագիտության ծագման ու էվոլյուցիոն զարգացման մասով կա երկու կարծիք. առաջին, որ քաղաքագիտությունը ամերիկյան, ավելի ճիշտ՝ անգլոամերիկյան գիտություն է, երկրորդ, որ այն ունի ռուսական ծագումնաբանություն: Ճիշտ է, քաղաքագետը նաև վերլուծությունների, կանխատեսումների հիման վրա է կազմակերպում իր աշխատանքը, բայց այստեղ գործ ունենք փաստերի հետ առ այն, որ քաղաքագիտությունը ծագել է որպես գիտություն ԱՄՆ-ում, որտեղ էլ առաջին անգամ բացվել է քաղաքական գիտության ամբիոն, որից հետո, հետագայում արդեն տարածվել Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Հայաստանյան իրականության մեջ, կարծում եմ, դեռևս ամբողջությամբ ընկալելի է չէ քաղաքագետի մասնագիտությունը ու նաև առաքելությունը, քանի որ քաղաքագետը ըստ էության գործ ունի հանրային կյանքի բոլոր ոլորտների, գիտության բոլոր ճյուղերի հետ՝ հոգեբանությունից մինչև փիլիսոփայություն, մաթեմատիկայից մինչև կենսաբանություն և այլն: Ավելին, եթե ուսումնասիրեք քաղաքական գիտության սոցիալական դպրոցի նշանավոր դեմքերին, կտեսնեք, որ դրանց հիմքում ընկած է սոցիումի մշակույթը, վարքը, փոխգործակցության ձևերը, որոշ տեսաբանների մոտ՝ մարդաբանությունը, կենսաբանությունը, մարդկային զարգացման էվոլյուցիոն ու նրա կողմից հասարակական-քաղաքական երևույթները ընկալելու կարողությունները:

Սմբատ Ղահրամանյան

Քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ոլորտներում մասնագիտացված անձինք հիմնականում կոսմոպոլիտ մտածելակերպ ունեն: Ձեր դիտարկմամբ, մեր օրերում քաղաքագետը կարո՞ղ է պետականամետ մտածելակերպ ունենալ և, հնարավո՞ր է, որ վերջինիս գործունեությունը ծառայի ազգային շահերին:

Կոսմոպոլիտիզմը կամ աշխարհաքաղաքացիությունը վատ երևույթ չէ, այն ընդամենը աշխարհայացքի ընդգրկունության և գլոբալ մտածողության դրսևորում է: Չեմ կարծում, որ այդ հակադրությունը ճիշտ է, այո, եթե դասական իմաստով նայենք, էտատիզմը, այսինքն՝ պետականամետությունը, պետական ինստիտուտների, պետականության վրա հիմված գաղափարները կարելի է հակադրել գլոբալ, գլոբալիստական գաղափարներին ու արժեքներին, բայց դա էլ միանշանակ չէ: Քաղաքագետը, որը գիտելիք է ձեռք բերել և նպատակ ունի ծառայեցնել դա իր պետությանը և ազգին, պարտավոր է առաջին հերթին լինել պետականության կրող, պետական և ազգային մտքի, մշակույթի, արժեքների, պատմության, ավանդույթների և սոցիալ-պատմական ազգային հիշողության կրող, բայց սա ըստ իս՝ ամենևին չի նշանակում, որը մարդը չպետք է ունենա համամարդկային կամ գլոբալ գաղափարներ: Պետք է հստակ տարանջատենք կոսմոպոլիտիզմը պետականամետությունից, եթե խոսում ենք ազգային շահերի տեսանկյունից, որովհետև դա միակ կետն է, որտեղ բացառապես պետք է գերիշխող լինի ազգայինը, իսկ մյուս համատեքստերում կոսմոպոլիտ մտածելակերպը վատ երևույթ չէ:

Սմբատ Ղահրամանյան

Որպես ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» ծրագրի ասպիրանտ, մասնագիտական գրականությունից ի՞նչ հիմնարար աշխատություններ խորհուրդ կտաք ընթերցել ապագա քաղաքագետներին: Ձեր կարծիքով՝ ո՞րն է քաղաքագիտության «Աստվածաշունչը»:

Լավ ձևակերպում էր ձեր կողմից, անկեղծ՝ շատ հավանեցի: Այդպիսի աշխատություններ շատ կան, որոնք գիտության մեջ իսկապես այդ դերն ու նշանակությունն ունեն, բայց ես, թերևս, կառանձնացնեմ իմ կարծիքով ամենակարևորը:

Քաղաքական գիտության «Աստվածաշունչը» ինձ համար Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալն» է, որն արդեն մի քանի անգամ կարդացել եմ ու ամեն անգամ յուրովի եմ հասկանում: Խորհուրդ կտամ ընթերցել Թոմաս Հոբսի «Լեվիաթանը», Սամուել Հանթինգտոնի «Քաղաքակրությունների բախումը», Պլատոնի «Պետությունը»: Այս շարքում այնքան արժեքավոր գրքեր կան, որ մեր ժամանակը չի բավականացնի, որ ես թվարկեմ: Եթե կարճ՝ ապագա քաղաքագետը պետք է կարդացած լինի քաղաքական գիտության դասականներին:

Սմբատ Ղահրամանյան

Ձեր կարծիքով, այսօր լրագրության և քաղաքագիտության համապատասխան ֆակուլտետներն ու բաժինները դիմող դիմորդներն այդ մասնագիտությունների մասին հավուր պատշաճի պատկերացումներ ունե՞ն: Ձեր պատկերացմամբ, ի՞նչ առաջնահերթ նպատակներ ու անձնային որակներ պետք է ունենան ապագա լրագրողներն ու քաղաքագետները:

Իհարկե ոչ, կամ հազիվ թե այդ պատկերացումներն այնքան հստակ լինեն, որ հետագայում հիասթափությունների կամ մտածելու տեղիք չտան: Իմ պարագայում կարող եմ ասել, որ երբ ընդունվում էի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, հստակ գիտեի ուր եմ գնում, քանի որ արդեն իսկ ծանոթ էի հայկական ու ռուսական լրագրության հայրերին, խմբագիրներին, որոնք իրենց ձեռագրով պայմանավորում էին հայրենական ժուռնալիստիկան: Հայկական լրագրության մեջ կառանձնացնեմ Տիգրան Նաղդալյանին, Այդին Մորիկյանին: Ռուսական դաշտում ինձ համար անգերազանցել էր Լեոնիդ Պարֆյոնովը, որի հաղորդաշարերն այնքան էի հավանել, որ մայրիկիս խնդրեցի, որ նրա գրքերը Մոսկվայից ուղարկեն, քանի որ այստեղ չկար:

Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր փոփոխություններ կատարել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության առարկայացանկում, որո՞նք կլինեին դրանք: Եվ, առհասարակ, ֆակուլտետում դասավանդվող առարկաների հետ կապված ի՞նչ հիմնարար փոփոխություններ կառաջարկեիք:

Կարևորում եմ մի քանի հիմնարար հանգամանք. փիլիսոփայություն, հոգեբանություն, տրամաբանություն և ազատ-քննադատական մտածողություն: Կարծում եմ՝ ապագա լրագրողի համար սրանք առանցքային հատկանիշներ պետք է լինեն: Ակադեմիական ծրագիրը փոխելու կամ թարմացնելու մասով երբեք չեմ մտածել, քանի որ դա իմ տիրույթում չէ, և չեմ կարող ձևացնել, թե լավ հասկանում եմ, բայց կարող եմ խորհուրդ տալ ֆակուլտետի ղեկավարությանը, որ հնարավորինս լավ, պայծառ ու երիտասարդ դասախոսների ներգրավեն:

Մի փոքր կխոսե՞ք ՀՀ ՊԿԱ-ում անցած Ձեր գիտահետազոտական և կառավարչական պրակտիկաների մասին: Պետական ո՞ր գերատեսչություններում եք դրանք անցել: Պրակտիկան նպաստե՞լ է պետական ապարատում Ձեր աշխատանք գտնելուն:

Պրակտիկաները համապատասխանաբար անցկացրել եմ խորհրդարանում և Անվտանգության խորհրդում: Խորհրդարանին շատ լավ էի ծանոթ, քանի որ նախկինում 2 տարի աշխատել էի որպես ԱԺ պատգամավորի օգնական, իսկ Անվտանգության խորհուրդը՝ նոր էր: Պրակտիկաները չեն նպաստել աշխատանք գտնելուն, բայց տվել են անհրաժեշտ գիտելիքներ, փորձ ու հմտություններ, որոնց օգնությամբ նաև կարողացել եմ հաջողություններ ունենալ: Դրանք իսկապես հետաքրքիր էին և բազմաբովանդակ, հատկապես՝ ԱԽ-ում անցկացված ժամանակահատվածը:

Սմբատ Ղահրամանյան

Մի փոքր կխոսե՞ք ասպիրանտի կրթության մասին: Ո՞ր թեմայով եք նախատեսում գրել Ձեր դիսերտացիան: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր ընտրությունը:

Ասպիրանտուրա դիմելու ցանկությունը և մոտիվը ինչպես ձեր առաջին հարցին պատասխանելիս ասացի, քաղաքական գիտության մեջ շարունակական կրթություն ստանալն է, որը մեծապես օգնելու է ինձ ապագա քաղաքական գործունեության մեջ: Անկեղծ լինեմ, մտքովս երբե’ք չէր անցնի, որ կգա ժամանակը, որ երբևէ կորոշեմ ասպիրանտական կրթություն ստանալ կամ կհավակնեմ քաղաքական գիտության թեկնածուի բարձր գիտական կոչմանը: Կարծում եմ՝ կյանքի ընթացքը, աշխատանքային գործունեությունը, ֆորմալ, ոչ ֆորմալ կրթական միջավայրը և նմանատիպ այլ երևույթներ ինձ կանգնեցրին այդ վճռական որոշման առաջ: Հույս ունեմ, որ լինելու եմ ՀՀ ՊԿԱ մեր ամբիոնի լավագույն ասպիրանտներից մեկը, ինքս ինձ համար արդեն իսկ նման խնդիր եմ դրել: Գիտական ատենախոսության թեմայի մասին դեռ չեմ մտածել, բայց արդեն ժամանակն է և պետք է կողմնորոշվել թեմայի հարցում: Կարող եմ ասել, որ ունեմ որոշակի հետաքրքրություններ պարտոլոգիայի կամ կուսակցագիտության, քաղաքական մշակույթի, էլիտաների և ժողովրդավարության, մասնավորապես ժողովրդավարական տրանզիտի բնագավառում: Մագիստրոսական թեզ գրել եմ հենց կուսակցություններ և պառլամենտական մշակույթ ուղղության մեջ: Կարծում եմ շուտով կկողմնորոշվեմ:

Օլյա Շահինյան