տուն Հասարակություն Կրթություն Ուսանողը. Ռուզաննա Հովհաննիսյան (լուսանկարներ)

Ուսանողը. Ռուզաննա Հովհաննիսյան (լուսանկարներ)

625
0
Ռուզաննա Հովհաննիսյան

AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

Մեր զրուցակիցը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ արևելագիտության ամբիոնի «Կիրառական արաբագիտություն» ծրագրի մագիստրանտ Ռուզաննա Հովհաննիսյանն է:

Ռուզաննա Հովհաննիսյան

Ռուզաննա, հայտնի է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում դասավանդվող հիմնական լեզուներից ամենաբարդն արաբերենն է, որն ուսանողները դժվարությամբ են յուրացնում: Կասե՞ք՝ ինչպես նախապատվությունը տվեցիք հենց ֆակուլտետի արաբագիտության բաժնին:

Այո, միանշանակ արաբերենը ամենաբարդ լեզուներից է և յուրացման ընթացքն էլ բավականին երկար ու դժվար է։ Արաբերենը այն լեզուներից է, որի ուսումնասիրությունը չի կարող սահմանափակվել լսարանային մակարդակով կամ համալսարական 4 տարիներով։ Թերևս հենց այս բարդությունը, լեզվի`մեզ ծանոթ լեզուներին նման չլինելը, բազմաշերտությունն էլ գրավեցին ինձ։

Քանի՞ տարի է հարկավոր արաբերենին հավուր պատշաճի տիրապետելու համար:

Ըստ իս, լեզուն առհասարակ մշտական աշխատանք է պահանջում ու որքան էլ մեծանում է գիտելիքներիդ և իմացածիդ շրջանակը, նույնքան մեծանում է չիմացածինդ։ Ուստի հստակ ինչ֊որ ժամկետ չեմ կարող նշել, երևի մի ամբողջ կյանք:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում ուսումնառության շրջանում ո՞րն է եղել Ձեզ համար բարդագույն առարկան, որի քննությանը նախապատրաստվելիս հատկապես տանջվել եք:
Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր առարկա յուրովի բարդ էր մեր ուսումնական ծրագրում։ Ինձ համար միշտ առավել պատասխանատու ու բարդ են եղել իսլամին առնչվող դասընթացների քննությունները, քանզի ուսումնասիրման առարկան շատ֊շատ լայն էր, բայց միևնույն ժամանակ՝ անչափ հետաքրքիր։
Հայտնի է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հիմնական՝ մասնագիտական լեզվից բացի նաև այլ արևելյան լեզուներ են ուսումնասիրում: Արաբերենից բացի էլ ուրիշ ի՞նչ արևելյան լեզուների եք տիրապետում:
Այո, ֆակուլտետը մեզ հնարավորություն է տալիս բացի մեր մասնագիտական լեզվից ուսումնասիրել նաև այլ արևելյան լեզու։ Մենք հնարավորություն ունեինք ընտրելու թուրքերենի և պարսկերենի միջև։ Բացի արաբերենից, ես տիրապետում եմ նաև թուրքերենի, բայց, բնականաբար, ոչ այն մակարդակով, ինչ մասնագիտական լեզվի դեպքում է։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում արևելյան լեզուներից բացի նաև արևելյան երկրների պատմություն են ուսումնասիրում. ֆակուլտետն ավարտողներն ավելի շատ բանասեր են, թե՞ պատմաբան:
Այո, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ լեզուներից բացի նաև պատմություն և կրոն են ուսումնասիրում: Հետևաբար, ֆակուլտետն ավարտողները և բանասեր են, և պատմաբան, և կրոնագետ։ Սահմանազատել հնարավոր չէ, ֆակուլտետն ավարտողները աշխատաշուկայում պահանջված մասնագետներ են։
Ռուզաննա, ֆակուլտետում նաև խորությամբ իսլամ են ուսումնասիրում: Արաբագիտության բոլո՞ր ուսանողներն են ամբողջությամբ յուրացնում Ղուրանի սուրահները՝ հենց արաբերենով:
Ճիշտ եք, ֆակուլտետում և հատկապես արաբագիտության բաժնում ուսանողները խորությամբ իսլամ են ուսումնասիրում: Բայց, թե որքանով են ուսանողներն ամբողջությամբ յուրացնում Ղուրանի սուրահները՝ հենց արաբերենով, կախված է յուրաքանչյուր ուսանողից։
Մագիստրոսական կրթությունը նույնպես ստացել եք արաբագիտության ոլորտում: Ապագայում ասպիրանտուրա դիմելու մտադրություն ունե՞ք:
Այո, մագիստրոսական կրթությունս նույնպես ստացել եմ արաբագիտության ոլորտում: Իսկ ինչ վերաբերում է ասպիրանտուրա դիմելուն, ապա չեմ բացառում։
Այսօր ֆակուլտետի դիմորդներից շատերին հուզում է հետևյալ հարցը՝ որտե՞ղ կարող են աշխատել ուսումն ավարտելուց հետո: Հայաստանյան իրականությունում որտե՞ղ են հատկապես զգում արաբագետի պահանջը:
ԵՊՀ արաբագիտության բաժնի շրջանավարտներն ունակ են իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական, կառավարման, կրթական, վերլուծական և թարգմանչական ոլորտներում։
Ո՞րն է առաջին խորհուրդը, որը կտաք ֆակուլտետ ընդունվող առաջին կուրսեցիներին:
ԵՊՀ արաբագիտության բաժնում դասավանդում են բացառիկ գիտելիքների ու արժեքների տեր դասախոսներ։ Ուստի ամենակարևոր խորհուրդն այն է, որ ուսանողներն օգտվեն իրենց տրված հնարավորությունից ու բացի մասնագիտական գիտելիքներից քաղեն առավելագույնը յուրաքանչյուր դասախոսի հետ շփումից։
Ռուզաննա Հովհաննիսյան
Արևելյան երկրներից որտե՞ղ կուզենայիք ստանալ Ձեր կրթությունը:
Ինձ համար առավել հետաքրքիր կլիներ ուսումս շարունակել Եգիպտոսում` հաշվի առնելով այդ երկրի կրթական ու մշակութային հարուստ փորձը։
Օլյա Շահինյան